Աշխարհ

09.08.2012 12:24


Իրանական նախազգուշացում՝ Թուրքիային

Իրանական նախազգուշացում՝ Թուրքիային

Արտաքին քաղաքականութեան ոլորտում Իրանը  միաժամանակեայ դիմագրաւման կուրս է իրականացնում մի քանի ճակատներում.

ա. Տնտեսական պատժամիջոցներ

բ. Ատոմական թղթածրար

գ. Սիրիայի տագնապ

եւ՝

դ. Պարսից ծոցի անվտանգութիւն...

Այս իրողութիւնների լոյսի տակ պէտք է դիտարկել յատկապէս Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ջալիլիի ակտիւութիւնը՝  նախ՝  ԵՄ-ի արտգործնախարարուհու՝ Աշտոնի հետ պայմանաւորումը՝  ատոմական թղթածրարի օրակարգով նոր հանդիպման եւ ապա՝ նոյն Ջալիլիի գլխաւորութեամբ Լիբանան, Սիրիա եւ Բաղդադ տարածաշրջանային այցը եւ մի շարք շրջանային կարեւորագոյն հարցերին վերահսկողութիւն կատարելը, որոնք ուղղակի թէ անուղղակիօրէն բխելու են սիրիական տագնապի տեսանելի թէ անկանխատեսելի հետեւանքներից:

Միւս կողմից՝ Իրանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան ղեկավար Սալեհին, երեւի չբաւարարւելով Սիրիայի խնդրում Թուրքիային հեռակայ նախազգուշացումներով (որոնք, ի դէպ, վերջին շաբաթներում հնչել են երկրի թէ՛ կրօնական ղեկավարութեան, եւ թէ՛ զինւորական ու  քաղաքական պատասխանատուների կողմից), որոշեց անմիջականօրէն ու անձամբ դա փոխանցել Անկարայում՝ նոյնինքն Դաւութօղլուին: Սալեհին իր թուրք գործընկերոջ առջեւ յստակ պահանջ է դրել՝ 1-Դրականօրէն միջնորդել, որպէսզի իրանցի շուրջ 50 ուխտաւորները, որոնք առեւանգւել են Դամասկոսում ահաբեկչական զինեալների կողմից, շուտափոյթ ազատ արձակւեն եւ 2-Սիրիական տագնապը պէտք է հանգուցալուծւի «Սիրիա-Սիրիա» (իշխանութիւն-ընդդիմութիւն) երկխօսութեան ձեւաչափով՝ բացառելով արտաքին-շրջանային ուժերի միջամտութիւնը:

Իսկ միաժամանակ, դատելով նոյն օրն իսկ վարչապետ Էրդողանի Իրանի հասցէին ուղղւած «քննադատական» խոսքերը, պարզւում է որ՝ Իրան-Թուրքիա շահերի բախումը տարածաշրջանում նոր ծալքեր է կարող ստանալ...,- «Իրանի իշխանութիւնները նախ պէտք է մտածեն Սիրիայի նկատմամբ սեփական քաղաքականութեան մասին, յետոյ նոր խօսեն Թուրքիայի մասին...»,- ընդգծել է Էրդողանը:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Դերենիկ Մելիքյան

Այս խորագրի վերջին նյութերը