Քաղաքական

31.08.2012 20:10


Սերժ Սարգսյանի արձագանքը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ

Սերժ Սարգսյանի արձագանքը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշման մասին ՀՀ նախագահը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունենալիք արտակարգ խորհրդակցության ժամանակ:

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում

 Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել և պետք է որոշենք մեր անելիքները:

Առաջինը, որ միանշանակ է և արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է:

Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու:

Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը:

Չորրորդ, կարծում եմ` ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի:

Հաջորդը՝ ես կարծում եմ, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, և իմ համոզմամբ, նաև արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, և որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք:

Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից: Սա շատ վատ հանգամանք է:

.....

Կից տեսանյութով ներկայացված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ Սաֆարովի գործով։

Այս խորագրի վերջին նյութերը