Լրահոս

08.06.2009 14:37


Ի՞նչու է բարձրացել խմելու ջրի սակագինը

Ի՞նչու է բարձրացել խմելու ջրի սակագինը

-Մենք չենք եկել Երևան, որ անընդհատ սակագին բարձրացնենք և հասցնենք այն եվրոպական սակագներին։ Բայց մենք ուզում ենք հասնել տնտեսական հավասարակշռության և լավագույն ծառայությունները մատուցել,- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն։ Այդուհանդերձ, ջրի սակագնի բարձրացման հայտով ընկերությունը դիմել էր կարգավորող մարմնին՝ առաջարկելով 1 խմ ջրի սակագինը բարձրացնել և սահմանել 189,91 դրամ։

Պ. Ռուայեի խոսքերով՝ վարձակալության պայմանագրում սակագնի հաշվարկաման 4 բաղկացուցիչ է նշված՝սղաճ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, տարադրամի փոխարժեքի փոխոխություն և վաճառված, մատակարաված ջրի ծավալների ցուցանիշ։

-Մենք մեծ ֆինանսական խնդիրների ենք հանդիպել։ Դրանք կապված են նաև համաշխարհային ճգնաժամի հետ, որից զերծ չմնաց թե՛ Հայաստանը, թե՛ մեր ընկերությունը։ Նաև մեր հիմնական խոշոր սպառողները՝ հիմնարկ-ձեռնարկությունները, սկսել են ավելի պակաս ջուր սպառել։ Դա վատ է անդրադառնում ընկերության վրա։ Բոլորիս հայտնի է, որ 5 ամիս չի աշխատել «Նաիրիտ»-ի նման խոշոր հիմնարկ-ձեռնարկությունը։ Մի քանի շաբաթ առաջ այնտեղ տեղի ունեցած վթարն էլ հանգեցրեց այնպիսի մի իրավիճակի, որ գրեթե ոչ մի հույս չկա, թե «Նաիրիտը» պետք է մեծ քանակությամբ ջուր սպառի, ինչպես նախկինում։ Մենք իսկապես կարողանում ենք ճիգ գործադրել, որպեսզի հատուցենք այս չսպառված ծավալները։ Եվ մենք իսկապես հույս ունեինք, թե կունենայինք 190 դրամ սակագին, քանի որ այդպիսով կկարողանայինք տնտեսապես ապրել,- խոսելով ջրի սակագնի բարձրացման դրդապատճառների մասին՝ ասել է Պ. Ռուայեն՝ հավելելով, որ ընկերությունն ունի նաև մեծ քանակությամբ ջրի կորուստներ, և այդ անօրինությունների դեմ պայքար է մղվում։

Արձագանքելով ասվածին՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, թե այդ կորուստների կեսը տեխնիկական է, կեսն էլ՝ առևտրային, և եթե առաջին 3 տարում ընկերությունն առևտրային կորուստների գոնե կեսը վերացրած լիներ, ապա սպառման ծավալների լրիվ այլ պատկեր կլիներ և կանդրադառնար նաև սակագնի վրա։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 1 խմ խմելու ջրի սակագինը 2009թ. հուլիսի 8-ից սահմանել 181 դրամ՝ գործող 172,8-ի փոխարեն։

Այս խորագրի վերջին նյութերը