Մեկնաբանություն

28.09.2012 15:41


Արի՛ տուն՝ քեզ բռնենք

Արի՛ տուն՝ քեզ բռնենք

Այն, որ Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական խնդիր է լուծում, ընդունում են անգամ սերժամետ լրատվամիջոցները։ Նկատենք, որ, խնդրի քաղաքական կողմից զատ, կա նաև այլ նրբություն։

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելով՝ Սերժ Սարգսյանն ակամայից սփյուռքին «մեսիջ» է ուղարկում այն մասին, թե պետք չէ լսել Սփյուռքի նախարարին, ու պետք չէ հավատալ «Արի տուն» ծրագրին։

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին արտգործնախարարն այն մարդկանցից է, ով առանց կոմսոմոլական շեղումներ ունեցող հրանուշների կոչերի է եկել տուն, բայց այսօր նրան ուզում են ձերբակալել։

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Օսկանյանի դեմ գործ սարքելով՝ իշխանությունները բացահայտում են «Արի տուն» անունը կրող ծրագրի բուն էությունը։

Մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում Սերժ Սարգսյանը Սփյուռքին հետևյալ կերպ պետք է դիմի. «Արի՛ տուն, մի քիչ փող ծախսի, բայց հանկարծ այստեղ չմնաս ու անարդարություններ տեսնելով՝ հակաիշխանական վարքագիծ չդրսևորես, թե չէ քեզ կբռնենք»։ Ճիշտ է, այս դեպքում ծրագրի անունը մի քիչ երկար կստացվի, և PR տեսանկյունից դժվար կլինի դրա տարածումը, բայց փոխարենը սփյուռքահայերը կիմանան իրենց գլխին գալիքն ու տուն գալուց առաջ ահագին ծանրութեթև կանեն։

Ի դեպ, նախկին նախարարի շուրջ ստեղծված իրավիճակը հարվածում է նաև Հայաստանի արտաքին իմիջին։ Հիմա ադրբեջանցիները կարող են ամենուրեք հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տասը տարի ներկայացրել է փողերի լվացմամբ զբաղվող մարդը։ Բայց դա Սերժին չի հետաքրքրում։ Նրան միայն բանսարկությունների և հակառակորդների դեմ նենգ քայլերի միջոցով վերարտադրվելու խնդիրն է հուզում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը