Քաղաքական

02.10.2012 16:00


Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Հենց նոր ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քվեարկությունը։ Փակ–գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ և 6 դեմ  հարաբերակցությամբ պատգամավորները համաձայնություն են տվել այդ միջնորդագրին։ 129 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։ Անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ: Քվեարկությանը մասնակցել են միայն ՀՀԿ–ական և ՕԵԿ–ական պատգամավորները, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը՝ միջնորդագրում ակնհայտ քաղաքական ենթատեքստ տեսնելով։

Նշենք, որ քվեարկությանը չի մասնակցել նաև ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում խոստացել էր կողմ քվեարկել Օսկանյանի դեմ բերված միջնորդությանը:

Վերջինս հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Քանի որ բազմաթիվ լրագրողներ եւ հանրությունը հետաքրքրված են, թե արդյոք մասնակցելու եմ Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը.

2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:

Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ:) Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել եւ ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:

Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին եւ «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլեւ մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում եւ սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը