Լրահոս

09.06.2009 16:15


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է հայտարարել Փաստահավաք խմբի ստեղծման իր իսկ կարգադրությունը, դրանով իսկ դադարեցնելով նրա գործունեությունը։

Փաստահավաք խմբի ստեղծումը հնարավոր դարձավ հայաստանյան հասարակության և միջազգային հանրության, մասնավորապես ԵԽԽՎ-ի և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ դերակատարության շնորհիվ: Բաղկացած կոալիցիայի և ընդդիմության երկուական և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչից, խումբն աշխատեց շուրջ 6 ամիս՝ կենտրոնանալով հիմնականում մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտման վրա։ Փաստահավաք խմբի աշխատանքը բարձր է գնահատվել ու նրա հույժ կարևորությունը շեշտվել է ԵԽԽՎ-ի 1643 բանաձևում։ Ապրիլին Փաստահավաք խումբը՝ ԱԺ խորհրդարանական հանձնաժովովին հանձնեց սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների մասին առաջին գրավոր զեկույցը, որում հավաքված փաստական նյութը գլխիվայր էր շրջում մինչ այդ իշխանության կողմից շրջանառվող վարկածը։ Աշխատանքը շարունակելու դեպքում կարճ ժամանակում նույն հանձնաժողովին պետք է ներկայացվեին ևս մի քանի զեկույց՝ մյուս սպանվածների մասով։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վ. Ստեփանյանի (Խմբի ղեկավարի) նախաձեռնությամբ, ապա իշխանության՝ նրան միացած մյուս երկու անդամների Ռ. Ավագյանի և Գ. Թովմասյանի մասնակցությամբ մայիսին շուրջ երկու շաբաթ խաթարվեց Փաստահավաք խմբի աշխատանքը, ապա նրանք ընդհանրապես հրաժարվեցին աշխատանքի ներկայանալ։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Փաստահավաք խմբի լուծարումը վարչախմբի բացահայտ կապիտուլացիան է այն անառարկելի փաստերի առջև, որ բացահայտվում էր խմբի աշխատանքի շնորհիվ և ինչն արդեն մեկուկես տարի ամեն կերպ ջանում է պարտակել վարչախումբը։ Իշխանությունն այս քայլին կարող էր գնալ միայն մի դեպքում, եթե Փաստահավաք խմբի արդեն իսկ հավաքած փաստերը պետք է աներկբա վկայեին մարտի 1-ի իրադարձությունների, մասնավորապես սպանությունների մեջ իշխանության պաշտոնաթող, ինչպես նաև ներկա բարձրագույն պաշտոնյաների հանցակցությունը։

Դատապարտելով փաստահավաք խմբի կասեցումը, մենք շարունակում ենք պահանջել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Մենք նաև համոզված ենք, որ արտառոց այս փաստը ճիշտ արձագանք կգտնի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի և այլոց կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը