Լրահոս

03.10.2012 16:26


Երանոսի գյուղապետը հիասթափված և ստիպված հեռանում է Հայաստանից

Երանոսի գյուղապետը հիասթափված և ստիպված հեռանում է Հայաստանից

Երանոս գյուղի գյուղապետ Գագիկ Խանսանամյանը հրաժարական է տվել։ Պատճառը, նրա խոսքերով, այն է, որ չի կարող այլևս այսպես ապրել և աշխատել։ «ԷկոԼուր»–ի փոխանցմամբ՝ հունվարին լրանալու է 10 տարին, ինչ նա գյուղապետ է, և ցավով է հրաժարական տալիս։

«Ստիպված եմ, կան որոշակի հանգամանքներ: Իմ դուրս գալու նպատակը Հայաստանից գնալն է… անկեղծանամ, ասեմ՝ ճիշտ է, այսօր մեր օրենքներով երբ գյուղացուն հող են տալիս, դա համարում են աշխատանքով ապահովված: Գյուղացին այդ հողը պիտի մշակի, անասուն պահի, երբ ո՛չ հողը, ո՛չ անասունը այսօր բավարար եկամուտ  չեն բերում: Հիմնական մեր գյուղատնտեսության մթերքը եղել է կարտոշկան, կաղամբը և կաթնամթերքը:
Միայն ունենք Մալաթիայի շուկան: Գյուղացին բերում, մեքենայով կանգնում էր, շուկայի տերը գինը ասում էր՝ 70, 80 դրամ, երբ այդ նույն կարտոշկեն քաղաքացու վրա վաճառում են 150-160, 200 դրամով: Ձեռ տալիս է՝ տուր, ձեռ չի տալիս՝ գնա: Տուժում էր և՛ գյուղացին, և՛ քաղաքացին»,–իրավիճակը ներկայացրել է Գ. Խանսանամյանը:

Նա նաև նշել է, որ այսօր իրենց հողերի մոտ 20-30 տոկոսն է մշակվում, իսկ վիճվարչության թվերը իրականությանը չեն համապատասխանում:

«2003թ.մեր գյուղում, եթե թվերի մեջ չսխալվեմ, 2500 գլուխ խոշոր կենդանիներ ենք ունեցել, այսօրվա դրությամբ 1500 է: Գնալով չի զարգանում, որ ցույց է տալիս մեր գյուղնախարարը, թե զարգացում կա, տարեկան 7 տոկոս, 10 տոկոս աճ կա գյուղատնտեսությունում: Այդ թվերը մեզ տրվում են, մենք տալիս ենք… Գյուղատնտեսությունը բոլոր ժամանակներում էլ վնասով է աշխատում: Երբ որ մեր իշխանությունը այսօր աչք է փակում  դրա վրա, պահանջում է, որ գյուղատնտեսությունը զարգանա, բայց դրա հետ միասին կառավարությունը, գյուղնախարարությունը ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում գյուղացուն, որտեղի՞ց զարգանա: Սուտ բաներ են, սուտ թվեր են:
Ես գյուղացի եմ, ես ունեմ ֆերմա, իմ սեփական տնտեսությունը, այս պահի դրությամբ ես վերցրել եմ 100 հազ. դոլարի չափով վարկ բանկից,  որի տարեկան տոկոսը կազմում է 22 տոկոս, երբ որ մենք լավ գիտենք, որ շահույթը 20 տոկոս չի հասնում… Ես ոչ թե պաշտոնով եմ  փող աշխատում, ես ուզում էի կողքից իմ գործը դնել, իմ ընտանիքի գոյությունը պաշտպանել: Բայց ցավոք սրտի, ինչ փորձեցի, չստացա, չկարողացա, չարդարացրեց: Գյուղատնտեսությամբ աշխատելը ձեռնտու չէ... Մենք ունենք գյուղից տարբեր տեղեր աշխատող 207 երիտասարդներ, եթե չլինի դուրսը, եթե չլինի Ռուսաստանը, նամանավանդ մեր գյուղերը և կողքի գյուղերը սովամահ են լինելու: Ի շնորհիվ դրսի, այսօր մեր վիճակը, այս ենթաշրջանի վիճակը լավ է… Ցավոք սրտի, սա մեր դառը իրականություն է: Ա՛յս երկրում, շեշտում եմ։ Ես սպասում եմ օր առ օր, մեկ–երկու օրից, կառավարության որոշումը դուրս կգա: Որից հետո ես վայր եմ դնում իմ լիազորությունները, հանձնում եմ տեղակալին իմ պաշտոնը, երկու ամիս նա կկառավարի, մինչև կլինեն նոր ընտրություններ»,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը