Լրահոս

23.10.2012 17:05


Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում Իտալիայի Սենատում

Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում Իտալիայի Սենատում

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Հանրապետության Սենատի պատմական «Ձուկկարի» սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպած միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի երկու պալատները ներկայացնող պատգամավորներ, ԱԳՆ պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:              

Միջոցառումը բացեց Սենատի փոխնախագահ Վանինո Կիտտին, որն ընթերցեց Սենատի նախագահ Ռենատո Սկիֆանիի ուղերձը: Այնուհետեւ Վ.Կիտտին անդրադարձավ հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայում հայկական պատմական բացառիկ ներկայությանը: Սենատի փոխնախագահը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները «որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու Իտալիայում ՀՀ դեսպանության ջանքերը»:                                   

Իտալիայի խորհրդարանում գործող Հայ-իտալական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Սանդրա Զամպան կարեւորեց հոկտեմբերին պատգամավորական խմբի անդամների այցելությունը Հայաստան: Ս.Զամպան նշեց, որ «Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության բնօրրան է և եկել է ժամանակը, որ Եվրոպան փոխհատուցի Հայաստանին ու հայ ժողովրդին այն ամենը, ինչը չի արել պատմության ընթացքում»:           

Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իտալական հարաբերություններում տեղի ունեցած արմատական փոփոխություններին և խոսեց ԼՂ հիմնախնդրի մասին: ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ դեսպան Կարապետյանն ասաց հետևյալը. «Պետք է քաջ գիտակցել, որ միմիայն նավթագազային շահերից դրդված  հնարավոր չէ պահպանել խաղաղությունը մեր տարածաշրջանում: Անհնար է միայն ելնելով կայունություն ապահովման մտահոգությունից պարտադրել հայրենի հողի վրա ապրող Արցախի ժողովրդին հրաժարվելու իր ազատ ապրելու եւ սեփական կամքի համաձայն ինքնորոշվելու ինքնիշխան իրավունքից: Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել  պայքարի եւ արյան գնով ազատագրված ժողովրդին  ապրելու մի երկրի սահմաններում, որը սպառնում է նրա ֆիզիկական գոյությանը»:                                                       

Խոսելով  հայ-իտալական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին դեսպան Կարապետյանը նշեց. «Այն հանգամանքը, որ այս երեք տարիների ընթացքում Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ձեզ հետ միասնաբար կոտրեց անցյալից մնացած շատ ու շատ կարծրատիպեր, հիմնավորեց հայ-իտալական համագործակցության փոխադարձ շահավետությունն ու ստեղծեց բարեկամների հզոր բանակ, ինձ վստահություն է տալիս հավատալու, որ միանգամայն հնարավոր է վերականգնել մեր երկու ժողովուրդների միջև առկա երբեմնի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային պատմական սերտ կապերը: Դրա հիմքը մենք այսօր դրել ենք: Մենք միասնաբար ապացուցեցինք, որ միանգամայն իրատեսական է մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող անկեղծ համակրանքն ու բարեկամությունը  հասարակական մակարդակից տեղափոխել գործնական դաշտ»:

Հանդիսավոր նիստից հետո Իտալիայում ՀՀ դեսպանը իտալացի շուրջ 20 քաղաքական գործիչներին, դիվանագետներին, պետական պաշտոնյաներին ու լրագրողներին հանձնեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ հատուկ պատրաստված հուշանվերներ:

Այս խորագրի վերջին նյութերը