Մեկնաբանություն

28.10.2012 20:50


Սե՛րժ, Տիգրա՛ն, Հրա՛յր՝ ի՞նչ եք մտածում... Րաֆֆիի մասին

Սե՛րժ, Տիգրա՛ն, Հրա՛յր՝ ի՞նչ եք մտածում... Րաֆֆիի մասին

Ինչպես հայտնի է, Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։  Օգտվելով առիթից՝  Բաղրամյան 26–ից ու Խաչատուր Քոքոբելյանից «քցված» Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին ու արդարադատության նախարարին։

Ուշագրավն այն է, որ իր բաց նամակում Րաֆֆին «դու»–ով, այն է՝ ընկերաբար (իսկ միգուցե գործընկերաբա՞ր) է դիմում նշյալ պաշտոնյաներին։

«Սե՛րժ, Տիգրա՛ն, Հրա՛յր՝ ի՞նչ եք մտածում»,– երեքին ուղղված հարցով է նամակն ավարտում Րաֆֆին՝ անուղղակիորեն հիշեցնելով, որ «Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել ԼՂՀ ճանաչմանը։

Դե, քանի Րաֆֆին անցել է իր հին փեշակին՝ «հայրենասիրական կոմերցիային», ու հանրությանը հիշեցնում է «Ժառանգության» ռազմահայրենասիրական ծրագրերի մասին, մենք էլ մեր կողմից նույն հանրությանը հիշեցնենք, որ չի կարելի մի կողմից Մասիսի ֆոնին տրջիկ տալ ու «Սարերի քամի» երգի հնչյունների ներքո ընտրարշավ անցկացնել, իսկ մյուս կողմից ընտրողներին ներկայացնել այնպիսի համամասնական ցուցակ, որի մեջ լինեն ԼՂՀ–ն Ադրբեջանի կազմում հայտնվելուն նպաստող «ֆուտբոլային» դիվանագիտության մոլի պաշտպաններ։ Սա՝ իմիջիայլոց։

Դառնանք բուն թեմային։

Ոմանք, զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, հետաքրքրվում են, թե ինչու հանկարծ Րաֆֆին այդպիսի մտերմիկ ոճով գրված նամակով հանդես եկավ։ Հարցն ունի շատ տրիվիալ պատասխան. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ սկսվել է հաճախորդների «քաստինգը», և բոլորն ուզում են աչքի ընկնել։  

Վազգեն Սարգսյանին բազմիցս ուրացած ու եղբորը գաղափարապես «քցած» Արամ Զավենի Սարգսյանը, օրինակ, օգտագործեց հոկտեմբերի 27–ի առիթն ու «Միշիկ.am»–ներից մեկին հարցազրույց տվեց՝ «համեստաբար» նշելով, որ եթե ժողովուրդն իրեն վստահի, ապա նախագահական ընտրությունների ժամանակ ինքը կմտնի պատասխանատվության այդ բեռի տակ։ Անկեղծ լինելու դեպքում՝ Արամը պետք է հայտարարեր, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն 2013թ. նեոգեղամյան կարգի, ապա ինքը պատրաստ է մտնել այդ էժանագին դերի մեջ, բայց դե հաճախորդները, որպես կանոն,  անկեղծանում են միայն ՀՀԿ–ի ցուցակում հայտնվելուց հետո։

Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ապա դատելով ներքաղական զարգացումներից և «Ժառանգության» շուրջը տիրող իրավիճակից՝ նրա բաց նամակի տողատակերում այս տարվա մայիսի 6–ին իշխանության հետ ընդհատված «երկխոսությունը» շարունակելու «մեսիջ» կարելի է տեսնել։ Անբեղ, անմորուս ու անխմբակցություն մնացած Րաֆֆին, թերևս, ուզում է չանտեսվել ու Սերժի հաճախորդների միջև պայքարում դիրքային առավելություն ստանալ՝ օգտագործելով «հայրենասիրական» մոտիվները։

Գաղտնիք չէ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքն իր փայ գեղամյանությունն արեց ՀՀԿ–ի օգտին։ Եվ հիմա, երբ Սերժ Սարգսյանի մոտ հաճախորդների դեֆիցիտ է, Րաֆֆին հիշեցնում է իր մասին ու մտերմաբար դիմում ՀՀԿ ղեկավարին, «տիրացու» վարչապետին ու նոտարական գործի վրա շեղված նախարարին։ Բա ուրիշ ի՞նչ անի, երբ «Ժառանգության» խմբակցության 2/5–ը ֆորմալ չի ենթարկվում իրեն, իսկ 3/5ը՝ ոչ ֆորմալ։

Սե՛րժ, Տիգրա՛ն, Հրա՛յր՝ ի՞նչ եք մտածում... Րաֆֆիի մասին։ Միգուցե կրկին փորձեք, հը՞։ Լավ հաշվետարներ.... կներեք՝ լավ  «հայրենասերներ» միշտ էլ պետք կգան ընտրությունների ժամանակ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը