Լրահոս

12.06.2009 13:20


«Հայէկոնոմբանկը» ներկայացրել է իր տարեկան հաշվետվությունը

«Հայէկոնոմբանկը» ներկայացրել է իր տարեկան հաշվետվությունը

Հունիսի 12-ին «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի տարեկան հաշվետու ժողովը։ Բանկի գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, ներկայացնելով 2008թ. արդյունքների վերաբերյալ բանկի վարչության հաշվետվությունը, նշել է, որ 2008թ. բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2007թ. համեմատությամբ միջին մակարդակներով աճել են։ Մասնավորապես, 12,2%-ով աճել է ընդհանուր կապիտալը՝ հասնելով 8,6 մլրդ դրամի, 10,1%-ով՝ վարկային ներդրումները՝ հասնելով 26,5 մլրդ դրամի, 4,9%-ով՝ մատուցված ծառայությունների զուտ եկամուտը՝ հասնելով 969,3 մլն դրամի։ Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով։

Անդրադառնալով բանկի զարգացման ընթացիկ տարվա միտումներին՝ Դավիթ Սուքիասյանը նշել է, որ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և երկրի քաղաքական ու տնտեսական դաշտի լարվածությանը, Հայէկոնոմբանկի նկատմամբ հաճախորդների վստահությունն աճել է, ինչի մասին վկայում է 2009թ. առաջին 5 ամիսների ընթացքում բանկի մի շարք ցուցանիշների էական աճը։ Մասնավորապես, 8,3%-ով աճել են ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները՝ կազմելով 5,4 մլրդ դրամ, 54,8%-ով՝ իրավաբանական անձանցից ներգրավված դեպոզիտները՝ կազմելով 4,3 մլրդ դրամ, 10,1%-ով՝ տեղական և միջազգային պլաստիկ քարտերի քանակը՝ կազմելով 69 265 քարտ։ Հաճախորդների քանակն աճել է 34,8%-ով՝ կազմելով 71 680 հաճախորդ։

-Բոլորս կարող ենք փաստել, որ «Հայէկոնոմբանկն» ունի առաջընթաց, կայուն կերպով զարգանում է, Հայաստանի բանկային համակարգի կարևոր և կայուն օղակներից մեկն է, ինչը, բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից խիստ ողջունելի է,- «Հայէկոնոմբանկի» տարեկան հաշվետվության ժողովին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։ 

Այս խորագրի վերջին նյութերը