Լրահոս

12.06.2009 16:57


Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինին:
Ընդգծելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանին մենք համարում ենք մեր ամենահուսալի դաշնակիցը և երկկողմ կապերի հետագա ամրացմանը տալիս ենք առաջնահերթ նշանակություն»: Այդ առումով, ըստ Նախագահի, տրանսպորտն ընդհանրապես, և երկաթուղային տրանսպորտը մասնավորապես, էական դեր ունեն:
Վլադիմիր Յակունինը Նախագահ Սարգսյանին է փոխանցել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները՝ նշելով, որ Հայաստան այցի նախօրեին հանդիպել է նրա հետ:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երկրի տնտեսության համար երկաթուղու կարևորութունն ըստ պատշաճի գնահատելու և ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդես, որը կազմակերպել են Հարավկովկասյան երկաթգիծի ղեկավարությունը և հայ գործարարները: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ խոսքով՝ ներկայացված արտադրանքն արդեն իսկ օգտագործվում է Հարավկովկասյան երկաթգծում, ինչպես նաև Ռուսաստանում, քանի որ գին-որակ հարաբերակցությունը միանգամայն գրավիչ է: Բացի այդ, իրենց հիմնական սկզբունքն է ցանկացած աշխատանքում նախապատվությունը տալ տեղական արտադրողին:
Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը, զարգացման հեռանկարը, կոնցեսիոն պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկաթուղու արդիականացման, շարժակազմերի, ռելսերի նորոգման, տեխնիկական վերազինման, գնացքների արագության ավելացման, ինչպես նաև ամենաօպտիմալ երթուղով կարճ ժամանակահատվածում և նվազագույն ծախսերով բեռնափոխադրումների կազմակերպման համակարգ ձևավորելու հետ կապված ծրագրերին:
Վլադիմիր Յակունինին ասել է, որ վերջին շրջանում իրականացված աշխատանքը ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է, լուրջ քայլեր են ձեռնարկվել կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը վստահեցրել է, որ ստանձնած ներդրումային պարտավորությունները լիովին կկատարվեն:

Այս խորագրի վերջին նյութերը