Քաղաքական

29.11.2012 15:42


ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար. «Եթե պարոն Ծառուկյանի լռությունը նյարդայնացնում է ոմանց՝ խորհուրդ կտամ խնայել առողջությունը»

ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար. «Եթե պարոն Ծառուկյանի լռությունը նյարդայնացնում է ոմանց՝ խորհուրդ կտամ խնայել առողջությունը»

168.am-ը հոդված էր հրապարակել, որտեղ նշում էր, թե Սերժ Սարգսյանին նյարդայնացրել է Գագիկ Ծառուկյանի լռությունը եւ նա 2 oր ժամանակ է տվել Ծառուկյանին` նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը հրապարակելու համար: Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ծառուկյանին վերջնաժամկետ ներկայացնելու այս եւ այլ բազմաթիվ հրապարակումներին, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը արձագանքեց. «Քաղաքական կուլտուրայի մեջ առնվազն տարօրինակ կլիներ, որ նախագահի մի թեկնածուն վերջնաժամկետ ներկայացներ նախագահի մեկ այլ` հնարավոր թեկնածուին: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա հիշեցնեմ, որ նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետները շատ հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ եւ հենց այդ համատեքստում էլ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շատ հրապարակայնորեն հայտարարություն կանի նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ»:

Դիտարկմանը, թե այդուհանդերձ, Ծառուկյանի լռությունն ակնհայտորեն նյարդայնացնում է ոմանց, եթե ոչ նախագահին, գոնե շարքային ՀՀԿ-ականներին, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Եթե պարոն Ծառուկյանի լռությունը նյարդայնացնում է ոմանց, ապա խորհուրդ կտամ խնդրով մտահոգ անձնաց խնայել առողջությունը, քանի որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, առողջությունը շատ ավելի թանկ է»:

Այս խորագրի վերջին նյութերը