Լրահոս

16.06.2009 18:14


Ս. Գիմիշյանը Ս. Սաֆարյանի հայտարարությունը որակել է որպես ընդդիմադիր դաշտում հրմշտոցի փորձ

Ս. Գիմիշյանը Ս. Սաֆարյանի հայտարարությունը որակել է որպես ընդդիմադիր դաշտում հրմշտոցի փորձ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ասել է, որ 12 կետից բաղկացած ՀԱԿ պլատֆորմը չունի բավականաչափ նախադրյալներ, որպեսզի թույլ տա շարունակել քաղաքական պայքարը։

ՀԱԿ անդամ, ՔԺՀԴ նախագահ Սոս Գիմիշյանն այս հայտարարությունը որակել է որպես համագործակցելուց  խուսափելու փորձ։ Իսկ այն, որ «Ժառանգությունը» չի ցանականում համագործակցել ՀԱԿ-ի հետ, ըստ Ս. Գիմիշյանի, ակնհայտորեն երևացել է թե՛ Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ, երբ «Ժառանգությունը» հայտարարեց, որ ՀԱԿ-ը կայացած ուժ չէ, թե՛ այդ ընտրությունների ընթացքում, և թե՛ հետո.

-Եթե մարդը չի ուզում դաշնակցել, հազար ու մի պատճառ կարող է բերել։ Սա ամենաանլուրջ պատճառներից մեկն է։ Ցանկություն չկա համագործակցելու։ Սա, պարզապես, ընդդիմադիր դաշտում հրմշտոցի փորձ է։ Իսկ ընդդիմադիր դաշտում, ինչպես ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը, լիքը տեղ կա։ Թող հանգիստ տեղավորվեն։ Եթե այդքան համոզված են, որ իրենք կայացած ուժ են և ունակ են լուրջ պայքար մղելու, թող հասարակությանը տանեն իրենց հետևից և կազմակերպեն այդ լրջագույն պայքարը։ Թող համագործակցեն մյուս ուժերի հետ, որոնց պլատֆորմներն ավելի իրատեսական կլինեն, և հասարակությունը տանեն իրենց հետևից։ Թող մասնակցեին Երևանի քաղաքապետի ընտրություններին, ոչ ոք իրենց ձեռքը չէր բռնել։ Շատ լավ գիտեին, չէ՞, որ եթե մասնակցեին, ապա արդյունքները շատ տխուր կարող է լինեին։ Կա առաջարկ՝ պլատֆորմ. բավականին լուրջ, առանցքային, ազգային և պետական խնդիրներ են դրված։ Իրենք ունեն ավելի լուրջ առաջարկնե՞ր, թող գան ասեն՝ այս 12-ին ավելացնում ենք 5-ը, իսկ այս 4-ը լուրջ չեն, հանում ենք։ Դա կլինի շահագրգիռ փորձ՝ համագործակցության հիմքերը ստեղծելու, ձևավորելու։ Ասել, որ 12 կետը լուրջ չէ, և բացարձակապես նախադրյալ չկա միասնաբար գործելու, դա պատճառ փնտրելու լավագույն և ամենաանլուրջ ձևն է։

Ս. Գիմիշյանը նաև հավելել է, որ ոչ ոք դեմ չէ, որ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտում առաջատարի դրոշակը վերցնի՝ ասելով.

-Թող վերցնեն, եթե կարող են։

Այս խորագրի վերջին նյութերը