Լրահոս

15.12.2012 00:35


Երևանում կանցկացվի Իտալական ժամանակակից կինոյի 3-րդ փառատոնը

Երևանում կանցկացվի Իտալական ժամանակակից կինոյի  3-րդ փառատոնը

Դեկտեմբերի 18-–23-ը Պետական համազգային թատրոնում (հասցեն՝ Երեւան, Ամիրյան 26) տեղի կունենա Իտալական ժամանակակից ֆիլմերի 3-րդ փառատոնը:

Այս փառատոնն արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ Պետական համազգային թատրոնի համագործակցությամբ: Նախաձեռնությունը ուղղված է հայ հասարակության լայն շրջանակներին եւ կինոյի սիրահարներին: Փառատոնին կներկայացվի իտալական ժամանակակից արտադրության կարեւորագույն ֆիլմերի ընտրանին իտալերենով եւ անգլերեն ենթագրերով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իտալական ֆիլմերն արժեքավոր ներդրում են ունեցել միջազգային կինոարվեստի զարգացման գործում, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Պետական Համազգային թատրոնը փառատոնի համար մշակել են ֆիլմերի ծրագիր, որը նպատակ ունի ուժեղացնել մարդկանց նվիրվածությունը Իտալիայի մշակութային ժառանգության պահպանմանն ու գիտելիքներին: Սա է իրականում փառատոնի նպատակը. մարդկանց ուշադրությունը սեւեռել ժամանակակից Իտալիայի ավանդույթների եւ ապրելաձեւի բնորոշ  բաղադրիչներին ու արժեքներին:

 Փառատոնի բացումը տեղի կունենա Պետական համազգային թատրոնում: Բացման խոսքով հանդես կգա կինոքննադատ, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը, որին կհաջորդի համերգ երիտասարդ երաժիշտների կատարմամբ (մենակատարներ՝ Լուկա Կոլանտոնիո եւ Թոմազո Արենա, նվագակցությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի լարային կվինտետի):

 Նույն օրը, համերգից հետո Դեսպանության աջակցությամբ տեղի կունենա քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ կներկայացվի արվեստագետի լավագույն ստեղծագործությունները:

 Հայաստանում Իտալիայի դեսպանությունը եւ Պետական Համազգային թատրոնը համոզված են, որ այսպիսի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կտրվի հայ հասարակությանը, ովքեր համակրանք ունեն իտալական լեզվի եւ մշակույթի հանդեպ, ծանոթանալ Իտալիայի գերակայող հասարակական, ավանդական եւ գեղարվեստական արտահայտչաձեւերին:

Այս խորագրի վերջին նյութերը