Մեկնաբանություն

17.12.2012 13:29


Սերժ Սարգսյանի «1984»–ը

Սերժ Սարգսյանի «1984»–ը

Աշխարհահռչակ գրող Օրուելի «1984» վեպում նկարագրված են տոտալիտար պետության մեջ տիրող բարքերն ու խաղի կանոնները։

Տոտալիտար համակարգում պետության աչքերն ու ականջներն ամենուրեք են, իրականությունը գլխիվայր է շրջված, պատմությունն ու վիճակագրությունը վերախմբագրվում են ամեն օր, իսկ մարդիկ հետապնդվում են ամեն քայլափոխի։

Տոտալիտար համակարգում «վոժդը» հատուկ տեխնիկայի միջոցով հետևում է բոլորին, իսկ բոլորը գիտեն, որ անգամ մտքում չի կարելի այլ կարծիք ունենալ, քան պաշտոնականն է։

Օրուելը, թերևս, չէր պատկերացնում, որ իր «1984»–ը, «Անասնաֆերմայի» հետ միասին, ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ փոքրիկ Հայաստանի մեծ ախորժակ ունեցող իշխանության համար։

Չէինք հացրել մի լավ զվարճանալ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի կապակցությամբ, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ ղեկավարն ամենևին չէր կատակում՝ հայտարարելով, թե մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: 

Դեպի մարդն ուղղված քայլերի շրջանակներում էր, որ իշխանությունները ապօրինաբար գաղտնալսել ու իրենց ենթակա գործակալական ցանցով՝ «անկախ» լրատվամիջոցներով, տարածել էին Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի զրույցը։

Սարգսյանը, փաստորեն, անկեղծ էր, երբ հայտարարում էր, որ կայուն և առողջ քաղաքական համակարգը ենթադրում է նաև աջակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը: Հայտնի է, որ քաղաքացիական ինստիտուտներից է համարվում նաև ԶԼՄ–ն։ Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունը  «ստուկաչական» համակարգի են վերածել իրենց կողմից կառավարվող ԶԼՄ–ները և նրանց միջոցով հարձակվում են հասարակության վրա։ Իսկ դա նշանակում է, որ մենք, իրոք, գնում ենք դեպի ապահով Հայաստան։

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանն ի՛ր «1984»–ն է ուզում ունենալ և առաջնորդվել Օրուելի ներկայացրած «Մեծ եղբայրը հետևում է քեզ» կարգախոսով։ Սարգսյանինը մի փոքր է տարբերվում այդ կարգախոսից և ունի հետևյալ տեսքը՝ «Մեծ եղբայրը գաղտնալսում է քեզ»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը