Լրահոս

17.06.2009 17:44


Ի՞նչ նպատակով են խաղատները տեղափոխում Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր

Ի՞նչ նպատակով են խաղատները տեղափոխում Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր

Հունիսի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացել, որ 2013թ. հունվարի 1-ից շահումով խաղատները պետք է լինեն միայն Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում և օդանավակայանի տարածքում։

«Հայելի» ակումբում այս թեմայի շուրջ բանավիճել են ՀՀ ֆինանսների նախարարության շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը և վերլուծաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը։

Ներայացնելով կառավարության վերոնշյալ որոշման դրդապատճառները՝ Կ. Թամազյանն ասել է.

-Զուտ ֆինանսական տեսանկյունից երկիրը, հավանաբար, կտուժի, որովհետև պակասելու են խաղատները և շահումով խաղերը, հետևաբար նաև՝ հարկատուները։ Այսինքն՝ ֆինասակա՛ն տեսանկյունով չի ընդունված այս որոշումը, այլ սոցիալական և մշակութային։

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում միայն Հայաստանում և Վրաստանում են խաղատներ գործում։ Իրենց կրոնից ելնելով՝ Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում դրանց գործունեությունն արգելված է։

-Մենք չենք հավակնում, թե թուրքերը կամ ադրբեջանցիները կգան Հայաստան։ Բայց Իրանի շուկան մենք կզիջենք Վրաստանին։ Ճիշտն ասած, ՀՀ կառավարությունը չի ցանկանում զիջել։ Մյուս տեսանկյունից էլ՝ տուրիստները գալիս և մնում են այն միջավայրում, որտեղ որ իրենց համար հարմարություններ կան։ Որպես տուրիստական գոտիներ՝ այսօր Հայաստանում գերադասելի են Ծաղկաձորը, Ջերմուկը և Սևանը։ Արտասահմանցի զբոսաշրջիկների համար ստեղծվել են պայմաններ, որպեսզի կարողանան օգտվել նաև այս ծառայությունից՝ օգուտ բերելով մեր երկրին։

Կ. Հակոբյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ այդ մտահղացումն անգրագետ է.

-Նրանք, ովքեր գնում են Ջերմուկ, գնում են, որովհետև այնտեղ կան բացառիկ հանքային ջրեր։ Գնում են ընտանիքներով՝ բուժվելու։ Հիմնականում ծերեր են, կանայք, երեխաներ։ Նրանք խաղատան կոնտինգենտը չեն։ Նրանք, ովքեր գնում են Ծաղկաձոր, հիմնականում սպորտսմեններն են, որոնք գնում են դահուկ քշելու։ Նրանք նույնպես խաղատան կոնտինգենտը չեն։ Մենք ի՞նչ տուրիզմ ենք ուզում զարգացնել՝ մշակութայի՞ն, էկոտուրի՞զմ, թե՞ կազինոյի տուրիզմ։ Կազինոն որոշակի միջավայր է։ Այն չպետք է լինի երեխաների հանգստի, ծերերի, կանաց առողջության, ընտանիքի բարոյական միջավայրի, բնության հաշվին։ Թող լինի առանձին վայրում, թող նոր ավան կառուցեն։ 

Այս խորագրի վերջին նյութերը