Լրահոս

20.12.2012 16:09


Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին առնչվող, ինչպես նաեւ՝ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում բաց մնացած հարցերը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երրորդ փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի սկզբին:

Հաշվի առնելով բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը` կողմերը վերահաստատեցին  մինչեւ 2013 թ. Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2013 թ. սկզբին մեկնարկել աշխատանքները Ասոցացման օրակարգ ձեւավորելու շուրջ: Ասոցացման օրակարգը կհանդիսանա Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ քաղաքական բնույթի փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2013թ. փետրվարին Երեւանում:

Այս խորագրի վերջին նյութերը