Լրահոս

20.12.2012 17:05


Եթե Սերժ Սարգսյանը որոշի, Մհեր Սեդրակյանը միևնույն է ներողություն չի խնդրի

Եթե Սերժ Սարգսյանը որոշի, Մհեր Սեդրակյանը միևնույն է ներողություն չի խնդրի

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հրապարակավ ներողություն էր խնդրել հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե Շարմազանովի դիրքորոշմանը համամիտ չէ։

«Էդուարդ Շարմազանովը մեր խոսնակն ա։ Ինքը ինչ ա ասել, ինչի համար ա ասել՝ ես չգիտեմ, բայց ես ինքս ո՞նց ետ կանգնեմ, էն դեպքում, որ ինքն ա հրահրում, ինքն ա տանում դրան, ես ասեմ՝ ինձ կներե՞ս,–պարզաբանել է պատգամավորը, ապա ավելացրել,–ընկեր ջան, ես խոսում եմ, ասում եմ, հըլը քաշի էտի։ Դրանից հետո նոր ես արդեն ինձանից դուրս եկա, մի փոքր կոպիտ խոսացի։ Սա ընդամենը իմ համար բարոյական խնդիր ա»։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդամենը օրեր առաջ Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում ասել էր, որ քաղաքացին պիտի իրեն ապահով զգա, եւ արդյոք այս միջադեպով ինքը կուսակցության ներսում խնդիրներ չի՞ ունենա, Մհեր Սեդրակյանը արձագանքեց. «Ես չգիտեմ ինչ կլինի։ Նախագահն ա, մեր կուսակցության ղեկավարը, ինքը ոնց որոշի՝ տենց պըտի լինի ամեն դեպքում»։

Ճշտող հարցին՝ եթե նախագահը որոշի, որ Սեդրակյանը պիտի ներողություն խնդրի, նա կանի՞ դա, հանրապետական պատգամավորը պատասխանել է. «Ես ներողություն չեմ խնդրի։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իմ ինքնասիրությունը ամեն ինչից բարձր ա։ Էդ խոսափողը, որ դեմ են տալի, ես էնքան հեռու եմ պահում, որ հանկարծ․․․ այ ընկեր, էտի երեւի ձեր բերանն եք մտցնում կամ հազար մարդու բերան եք մտցնում, հետո բերում ուզում եք կոխեք իմ բերանը․․․ ըտենց չի լինում, էլի․․․ մի քիչ լրատվությունն էլ չափ պետք ա ունենա»։

Հարցին, թե քանի որ խնդիրներ է տեսնում իր հրապարակային գործունեության ընթացքում, մասնավորապես` խուսափում է լրագրողների հետ շփումից, հնարավո՞ր է հրաժարվի պատգամավորական մանդատից, Մհեր Սեդրակյանը պատասխանել է՝ ոչ մի դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը