Լրահոս

10.01.2013 17:45


Պավլիկ Սարգսյանի պահաջը հիմնավոր չէ

Պավլիկ Սարգսյանի պահաջը հիմնավոր չէ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում:

 Քաղաքացու դիմումը անմիջապես ընդունվել է քննարկման, որի մասին տեղյակ է պահվել նաև դիմումատուն։ Դիմումն ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմի իրավաբանների կողմից, որի արդյունքում չի հայտնաբերվել սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք:

 Օրենսդրությամբ հստակ նախատեսվում է ընտրվելու իրավունքի իրացման նախապայման՝ նախագահի թեկնածուների համար ընտրական գրավի ինստիտուտ, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը: Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններումինչպիսիք են Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա և այլ երկրներ։

 Առհասարակ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում:

 Պարզաբանման կարգով նշենք նաև, որ ՀՀ Օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ ընտրվելու իրավունքից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, քանի որ նման անձինք հոգեկան խարգարման հետևանքով չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։ Ընտրվել չեն կարող նաև ազատազրկման դատապարտված անձինք, քանի որ հանցագործություն կատարած անձը, որի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ինքնաբերաբար զրկվում է այդ իրավունքից։ Նախագահի թեկնածուն չի կարող լինել 35 տարին չլրացած անձ, քանի որ պետք է ունենա որոշակի փորձ, ինչպես նաև վերջին տասը տարում մշտապես պետք է բնակվի Հայաստանում, որպեսզի քաջատեղյակ լինի հայ քաղաքացու առօրյա հոգսերին և խնդիրներին։

 Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը