Հարցազրույց

11.01.2013 14:48


Արմեն Մարտիրոսյան.

Արմեն Մարտիրոսյան.

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

–Ինչպե՞ս կմեկնաբանեք որպես նախագահի թեկնածու առաջադրվածներից նախ Արամ Հարությունյանի, հետո նաև Անդրիաս Ղուկասյանի կոչը՝ ուղղված նախագահի մյուս թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, որով առաջարկում են միասնաբար հանել թեկնածությունները։

–Շատ նորմալ եմ գնահատում։ Տեսակետ է, որն իրավունք ունի գոյություն ունենալ։

–Նախագահի թեկնածու առաջադրվածները դրակա՞ն պատասխան պետք է տան այդ կոչին։

–Ես դրա կողմնակիցը չեմ, որովհետև դրանով ընդամենը իշխանությունների գործը հեշտացվելու է։ Այդ քայլը որևէ արդյունքի չի բերելու։

–Այդ կերպ իրականում ցույց չի՞ տրվի, որ նախագահական այս ընտրությունները պարզապես ֆարս են և մցակցային չեն։

–Ասենք թե ոչ մի թեկնածու չեղավ, և մրցակցային չեղան ընտրությունները, դրանով ի՞նչ է փոխվում։ Դրանով պարզապես իշխանությունը շատ ավելի հեշտ վերարտադրվում է, և վերջ՝ առանց պայքարի որևէ օջախի։

–Բայց կապացուցվի, որ ֆարս են այդ ընտրությունները։

–Բայց դա ի՞նչ է փոխելու։ Հակառակը, Սերժ Սարգսյանն առանց մրցակցի, առանց ընտրակաշառքի, առանց ուռճացված ընտրացուցակ օգտագործելու հանգիստ ընտրություններ կանի։ Մեր հանրությանն էլ ընդամենը կասվի՝ թող չհանեին իրենց թեկնածությունները, պայքարից վախեցել են, դրա համար չեն դրել։ Կամ ինչի, հասարակությունը չգիտի՞՝ իշխանությունն ով է։ Հակառակը՝ ակտիվ և հետևողական պայքարով է հնարավոր փոփոխությունների և արմատական բարեփոխումների հասնել։

–Չե՞ք կարծում, որ օրինակ, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելով այս ընտրություններին՝ պարզապես լեգիտիմացնում է դրանք։

–2008թ. երբ Լևոն Տեր–Պետրոսյանը մասնակցեց ընտրություններին, լեգիտիմացրե՞ց դրանք։ Ո՛չ։ Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի։ Պայքարելո՛վ է ցույց տրվում իշխանությունների խախատումների մասշտաբը։

–Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունների խախատումների մասշտաբը ցույց տալո՞ւ, թե՞ հաղթանակի համար է նախագահի թեկնածու առաջադրվել։

–Միայն հաղթանակի՛ համար։ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում է առաջին տեղի համար։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը