Լրահոս

14.01.2013 12:32


Վահագն Չախալյանի նկատմամբ համաներում չկիրառելը մի քանի պատճառ ունի

Վահագն Չախալյանի նկատմամբ համաներում չկիրառելը մի քանի պատճառ ունի

Այսօր հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի անունը դուրս է մնացել համաներմամբ ազատ արձակվողների ցուցակից: Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը Zham.am-ի հետ զրույցում մի քանի հավանական պատճառ մատնանշեց, թե ինչու է Չախալյանին ազատ արձակելու հարցը նման զարգացում ստացել:

Առնոլդ Ստեփանյանի փոխանցմամբ` առաջին պատճառը նրա ազատ արձակմանը դեմ արտահայտվող Վրաստանի նախկին իշխանություններն են`Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային միություն» կուսակցությունը, որը ներկայացված է երկրի խորհրդարանում, և ազդեցություն ունի նաև երկրի այլ ոլորտների վրա:

Իսկ երկրորդ պատճառն, ըստ հայ գործչի այն է, որ Վրաստանի նոր ղեկավարության ներսում չկա միանշանակ դիրքորոշում Վահագն Չախալյանի գործի նկատմամբ: Ստեփանյանը նաև չբացառեց, որՉախալյանի ազատ արձակումը ձեռնտու չէ Վրաստանից դուրս գտնվող որոշ ուժերի, որոնք ազդեցություն ունեն Վրաստանի կոնկրետ ներկայացուցիչների վրա:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավարը մեզ փոխանցեց նաև, որ Չախալյանի համար սկզբունքային է ու առավել ընդունելի է ազատ արձակվել`ճանաչվելով որպես քաղաքական բանտարկյալ, քանի որ մեղավոր չէ նրանում, ինչի համար իրեն ազատազրկել են, իսկ համաներմամբ ազատ արձակվել`նշանակում ընդունել, թե մեղավոր է. «Սակայն գործը շատ բարդ գործ է, ու եթե կա հնարավորություն համաներմամբ ազատ արձակվելու, ապա ես կարծում եմ, որ պետք է օգտագործել այդ շանսը: Խնդիրն այն է, որ վրաց հասարակության ներսում չկա հստակ պատկերացում, թե ինչի համար է դատապարտված Չախալյանը: Կա տարածված կարծրատիպ, թե իբր նա անջատողական է եղել, սակայն մենք հիմա տեղեկատվական լուրջ աշխատանք ենք տանում`ցույց տալու, որ սա նման տեղեկությունները անհիմն պնդումներն են, ու նա այս երկրի թշնամին չէ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Առնոլդ Ստեփանյանը:

Առնոլդ Ստեփանյանը նաև հայտնեց, որ այժմ Վրաստանում խոսք է գնում քաղբանտարկյալների նոր ցուցակ պատրաստելու մասին, որտեղ կընդգրկվեն արդեն ազատ արձակված քաղբանտարկյալների ցուցակում չներառված մի շարք անձինք, և այժմ իրենք պատրաստվում են ավելի ակտիվ աշխատանքներ տանել,որպեսզի Չախալյանն ընդգրկվի այդ նոր ցուցակում. «Քանի որ նախատեսվում էր Չախալյանի ազատ արձակումը, այդ պատճառով միգուցե մեր աշխատանքի բացն էլ կա, որ մենք այդքան ակտիվ չաշխատեցինք, սակայն երկրորդ ցուցակի հետ կապված մեր այդ սխալն անպայման փորձելու ենք ուղղել:Եթե արդարության վերականգման ընտրովի մոտեցում չցուցաբերվի, ապա Չախալյանը կընդգրկվի այդ ցուցակում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Չախալյանը ընգրկվել էր Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ներկայացված քաղբանտարկյալների նախնական ցուցակում, սակայն հետո դուրս մնացել արդեն խորհրդարանի հաստատած քաղբանտարկյալների ցուցակից որոշ պատգամավորների կոշտ ելույթներից հետո: Չախալյանը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «զենք-զինամթերք ձեռքբերելու և պահպանելու, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ խուլիգանություն կատարելու»  մեղադրանքներով:

 Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը