Լրահոս

16.01.2013 13:36


Ետ նայիր ու տես.....

Ետ նայիր ու տես.....

2012 թվականը շատ կարևոր տարի էր հայ հասարակության համար: Մենք ականատես եղանք մի քանի իրադարձության, որոնք մեր կյանքում շատ բան փոխեցին: Փոխվեց մեր մտածելակերպը, փոխվեց մեր ապագան: Իմ համար առաջինն այդ շարքում եղավ Մաշտոցի պուրակը, որտեղ հայ մարդը, որը 20 տարի առաջ կտրում էր այգիները և անտառները, որպեսզի դիմակայի սովին ու ցրտին, պաշտպան կանգնեց այգուն ու ծառին: Պաշտպան կանգնեց մի բանի, որը կապ չուներ փոր լցնելու և շահ ստանալու հետ: Արեց մի բան, որին գուցե անտարբեր կլիներ դեռ 3-4 տարի առաջ: 
Մյուս կարևոր իրադարձությունն ինձ համար մայիսի 6-ի ընտրություններն էին: Չնայած տարածված կարծիքին, թե ընտրություններին միշտ կարելի է մարդկանց ձայները գնել, մենք տեսանք, որ դա միանշանակ չէ: Որքան էլ իշխանությունը ջանք և գումար չխնայեց, արդյունքը ստացվեց ցանկալիից շատ հեռու: Ընտրություններին մասնակցած մարդկանց մոտ 56 տոկոսը դեմ քվեարկեց իշխանությանը: Նույնիսկ մեծամասնական թեկնածուին Ազգային ժողով անցկացնելու համար ստիպված եղան ահռելի քանակով քվեաթերթիկներ անվավեր դարձնել, ինչն անհնար էր Կենտրոն համայնքում, որտեղ ընտրողը մեծ մասամբ շատ գրագետ և կազմակերպված է: 2012-ը իշխանությունն ավարտում է ոչ այնքան բարձր վստահության վարկանիշով: 
Եվս մեկ իրադարձություն, որը չեմ կարող շրջանցել, Բաքվի էր, որին նախորդող դեպքերն ուղղակի խայտառակություն էին: Ինչպես միշտ, միանձնյա որոշում կայացվեց` չմասնակցել մրցույթին, բայց որպեսզի դա ինչ-որ կերպ արդարացվի, որոշվեց պատասխանատվությունը գցել մի զանգվածի վրա, որի հետ մինչ այդ մրցույթի հարցում երբեք հաշվի չէին նստել: Երգարվեստի ներկայացուցիչներին ուղղակի հակադրեցին հասարակությանը, որը սպասում էր ամենամյա մրցույթին: Այդ օրերին սահմանին զոհված զինվորի մահը դարձնելով պատրվակ` կազմվեց մի նամակ, որի տակ ստիպեցին ստորագրել հայկական մշակույթի եւ երգարվեստի ներկայացուցիչներին: Ստորագրողներից շատերը նույնիսկ ծանոթ չէին նամակի բովանդակությանը, նրանց հետ, ուղղակի, հեռախոսով կապվել եւ կարծիք էին հարցրել Բաքու մեկնել-չմեկնելու մասին: Հետագայում պարզվեց, որ զինվորին սպանել էր ոչ թե ընդունող երկրի զինվորը, այլ նրա հայ զինակիցը: Բայց որոշումը կայացված էր, և պատերազմը հաղթած իմ երկիրը չգնաց պարտված երկրում իր դրոշը բարձրացնելու: 
Տարին արյունոտվեց Վահե Ավետյանի սպանության լուրով: Այս մասին շատ է գրվել ու դեռ շատ է խոսվելու: Բայց, միեւնույն է, չի կարելի չնշել հասարակության թեկուզ որոշակի հաղթանակը: Հասարակության տարբեր շերտերի համախմբված 
բողոքի պատճառով իշխանությունը նվաստացրեց եւ հրաժարվեց իրեն սպասարկող օլիգարխներից մեկից: Տարիներ շարունակ իրեն անպատժելի կարգավիճակում զգացող և հասարակության նկատմամբ իրեն ագրեսիվ դրսեւորողը լսեց ու տեսավ իր նկատմամբ վերաբերմունքը` իր թաղում, իր տան դիմաց, մեր քաղաքի փողոցներում: Գիտեմ` հասարակության համար հաղթանակը փոքրիկ էր, բայց համոզված եմ, որ այն հաղթանակների շարքի սկիզբն է: 
Տարին աղտոտվեց հային կացնահարած մարդասպանի հերոսացման լուրով, որը, համոզված եմ, անպայման ստանալու է իր պատիժը: 
Եկանք-հասանք նախագահականի շեմին: Թե ինչ կլինի նախագահական ընտրություններին և դրանից հետո, արդեն պատմություն է 2013-ի մասին: Մի բան պարզ է, որ երկիրը երկիր չէ, այլ իսկական կինո: 

Ալեն Սիմոնյան
Նյութը տպագրվել է  «Ararat» ամսագրում

Այս խորագրի վերջին նյութերը