Լրահոս

18.01.2013 19:43


Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումը հանձն է առնում իր փորձը փոխանցելու հայ գործընկերներին

Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումը հանձն է առնում իր փորձը փոխանցելու հայ գործընկերներին

2013թ. հունվարի 9-11-ը Բոլոնիայում տեղի ունեցավ Եվրոպական միության (ԵՄ) «HEN-GEAR» Տեմպուս ծրագրին մասնակից համալսարանների, կազմակերպությունների եւ AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:

Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին ԵՊՀ-ի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ), Երեւանի պետական տնտեսագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Հայաստանի պետական ագրարային, Գավառի պետական համալսարանների, ինչպես նաև Գեղարվեստի ակադեմիայի եւ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ներկայացուցիչները:

Եռօրյա աշխատանքային հանդիպման ավարտին մասնակիցներին ընդունել է եւ հաջողություններ ցանկացել Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Իվանո Դիոնիջին:

Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի հիմնադիր տնօրեն Անդրեա Կամմելլին նշել է, որ իրենք պատրաստակամ են նպաստելու Հայաստանում համալսարան-շրջանավարտ-աշխատաշուկա եռակողմ համագործակցության նոր մշակույթի ներդրմանը:  

Ծրագրին մասնակցում են Հայաստանի ութ համալսարանների, ՀՀ կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, ՀՀ ուսանողների ազգային ասոցիացիայի, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության, ինչպես նաեւ Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի ներկայացուցիչներ:

Մասնակիցները, կարեւորելով ծրագրի իրականացումը Հայաստանում, վստահ են, որ այն հնարավորություն կտա հասկանալու, թե ինչքանով է շրջանավարտը բավարարված իր ստացած կրթությունից:

Ծրագիրը կօգնի նաեւ ստեղծել կրթության եւ աշխատաշուկայի մշտադիտարկման մի համակարգ, որը AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի փորձին ծանոթացած Հայաստանի բուհերին հիանալի հնարավորություն կընձեռի օգնելու ուսանողներին ու շրջանավարտներին աշխատանք գտնելու, ինչպես նաեւ աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու հարցում: 

Այս խորագրի վերջին նյութերը