Լրահոս

20.06.2009 13:47


Էներգետիկ անջատումներ Վանաձորում. «հին օրերի երգն» են երգում

Վերջին մի քանի օրերին վանաձորցիների խոսքուզրույցի հիմնական թեման հովհարային անջատումներն են։ «Երեկ դուք լույս ունեի՞ք», կամ՝ «հիմա լույս ունե՞ք, մերը կես ժամ է՝ կտրած է»,- հարցնումեն միմյանց վանաձորցիները: Հունիսի 16-ի հորդառատ անձևն ուսելավը, որից հետո միայն մի քանի թաղամասեր 2 ժամով հոսանքազրկվեցին (քաղաքում արտակարգ վիճակ էր, առաջին հարկերի բնակարանները լցվել էին ջրով, տանիքներ էին պոկվել, սյուներ տապալվել), այժմ լավագույն «ալիբի» է դառել էլցանցի աշխատողների համար, քանի որ մինչև սելավն էլ Վանաձորում պարբերաբար էներգետիկ անջատումներ էին տեղի ունենում։ Մայրաքաղաքում բնակչությանը գոնե հեռուստատեսությամբ պարբերաբար իրազեկում են նախապես իրականացվող անջատումների մասին: Իսկ Վանաձորում մարդիկ հնարավորություն չեն ունենում կանխավ կազմակերպել իրենց կենցաղային աշխատանքները, քանի որ չեն տեղեկացվում ոչ միայն էլէներգիայի, այլև՝ գազի անջատումների մասին: «Կարծում եք՝ Երևանում էլ բոլո՞ր թաղամասերի անջատումների մասին են հայտարարում։ Էնքա՜ն թաղամասեր կան, որ առանց զգուշացնելու են անջատում»,- պատճառաբանում է այս ոլորտի քաջատեղյակներից մեկը՝ մասնագիտությամբ էներգետիկ:

Մի առանձին ուսումնասիրություն է պահանջում, թե որքանով են օրինական Վանաձորի թաղամասային փոքր ենթակայաններում տեղի ունեցող «մանր-մունր» անջատումները։ Ասենք, մի քանի էլեկտրիկներով «խելքին փչած» պահին մտնում են շենքերն սպասարկող փոքր ենթակայան ու ժամերով «գործ անում»՝ բնակչությանն առանց զգուշացնելու՝ հոսանքն անջատելով։ Հաճախ դրա հետևանքով շարքից դուրս են գալիս սառնարանը, հեռուստացույցը, իսկ վնասի փոխհատուցումը Հայաստանի պայմաններում անիրականանալի խնդիր է: Նման դեպքերում, երբ բնակիչները բողոքում են, պատճառաբանում են, թե «տեխասմոտր» է կամ՝ վթար: Իսկ վթար կարող է լինել միայն այն ժամանակ, երբ գծերը գերբեռնված են: Բնակիչները բողոքում են նաև հոսանքի տատանումներից, ինչն իր ազդեցությունն է թողնում հեռուստահաղորդումների որակի վրա. «Րոպեն մեկ միացնում-անջատում են, ոնց որ խաղ անելիս լինեն»: Մի բնակիչ էլ տեղեկացրեց, որ օրերս Վանաձորի Աբովյան փողոցի ենթակայանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով թաղամասը մի քանի ժամով հոսանքազրկվել էր: Մարդիկ զարմանում են, որ խորհրդային տարիներին լույսը երբևէ չէր անջատվում: Միգուցե դա կապված է նրա հետ, որ այն տարիներին էլեկտրականությունն այդքան անխնա չէր օգտագործվում կենցաղում, քանի որ այդ նպատակով բացառապես գազ էր օգտագործվում։ Շուրջ 20 տարի էլսնուցման գծերը լավագույնս չարաշահել են, այն էլ՝ վթարային շենքերում:

Եթե գազամատակարարմամբ ապահովված բնակչության կենցաղի նկատմամբ այդ անջատումները կարող են էական նշանակություն չունենալ, ապա այդ շքեղությունից զուրկ բնակիչները ստիպված են ժամանակ առ ժամանակ անցնել փայտի, նավթի ու սպիրտի օգտագործման (առավել ևս, երբ գազը թանկացել է, և շատերն սկսել են հրաժարվել դրանից): Ուշ երեկոյան տեղի ունեցող անջատումներն առավել մեծ փորձանք են բնակչության համար, քանի որ մարդիկ ստիպված են մթի մեջ խարխափելով դես ու դեն վազվզել՝ մոմ ու լուցկի փնտրելու նպատակով: Այս ամենի արդյունքում Վանաձորում վերստին աշխուժացել է մոմի, չոր սպիրտի ու նավթի բիզնեսը, որի վաճառքով զբաղվողներից մեկը ձեռքերն ուրախ-ուրախ շփելով՝ կատակում էր. «Ժողովո՛ւրդ, Լևոնը ետ ա գալիս»:

                                                                                  Գայանե Հովսեփյան

Վանաձոր

Այս խորագրի վերջին նյութերը