Լրահոս

20.06.2009 15:14


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

-Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, որն իրավամբ բարի ավանդույթ է դարձել Արցախում: Եվ դա պատահական չէ: Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց ձեր աշխատանքից է մեծապես կախված ամենակարևորը՝ մեր քաղաքացիների առողջությունը, հետևաբար նաև հասարակության և պետության բարեկեցությունը:
Դուք՝ մեր հանրապետության առողջապահության համակարգի աշխատողներդ, հավատարիմ մնալով ձեր երդմանը, Արցախյան պատերազմի տարիներին հնարավոր եք դարձրել անհնարինը: Աշխատելով ծանր պայմաններում՝ կյանք եք պարգևել թշնամու դեմ մաքառող մեր զինվորներին, թև ու թիկունք եղել նրանց, օգնել և մղել նոր հերոսությունների:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում առողջապահության ոլորտը, հնարավորինս լուծում առկա խնդիրները, ստեղծում նորմալ պայմաններ բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու համար: Թանկագին բարեկամներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում: Ձեզ է վստահված ամենաթանկը՝ մարդկային կյանքը, և դա պարտավորեցնում է ձեզ միշտ լինել բարձրության վրա, արժանիորեն կրել բժշկի պատվավոր կոչումը,-ասված է ուղերձում։

Այս խորագրի վերջին նյութերը