Լրահոս

22.01.2013 15:14


Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-ռումինական մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները

Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-ռումինական մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները

Հունվարի 21-ին, դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ (Daniel Barbu):

Գործնական եւ բաց զրույցի ընթացքում գոհունակությամբ նշելով երկկողմ պարբերական շփումների առկայությունը եւ կարեւոր իրադարձություններով լի մշակութային կյանքը` կողմերը մանրամասն քննարկեցին ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառումների, մասնավորապես, ընթացիկ տարում Բուխարեստում միջազգային գիտաժողովի անցկացման եւ Բուխարեստի Արվեստի ազգային թանգարանում ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքների վիճակը եւ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկա անելիքների շուրջ:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ «Մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» 2011-2015թթ. ծրագիրը, որը, ըստ ռումինական կողմի, ամենահագեցածներից է, զրուցակիցներն անդրադարձան նախանշված ուղղություններով համապատասխան միջոցառումների իրականացման հեռանկարներին: Այս առումով նպաստավոր օղակ համարվեց Բուխարեստում եւ ռումինական այլ քաղաքներում գործող հայկական թանգարանների եւ մշակութային միությունների գործող ցանցը, ինչպես նաեւ ռումինական տարբեր հաստատություններում պահվող հայերի վերաբերյալ հարուստ նյութերը եւ հայկական արժեքները, որոնց ուսումնասիրման, պահպանման եւ վերարժեքավորման համար պահանջվում են համատեղ ջանքեր:

Ուրվագծվեցին նաեւ թատրոնի, կինոյի եւ գրականության բնագավառներում մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները:

 Դեսպանը Դանիել Բարբուին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը Հայաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ, որը ռումին նախարարն ընդունեց պատրաստակամությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը