Լրահոս

22.06.2009 10:12


Վրաստանի Ազգային Անվտանգության աշխատակիցներն արգելել են հայ ուսուցիչներին վերապատրաստվել Հայաստանում

Վերջերս Ախալքալաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խստիվ արգելել են Վրաստանի հայ ուսուցիչներին մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացանք Հայց. եկեղեցու Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդությունից, նման ծրագիր, իրոք, եղել է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում վրաստանաբնակ մոտ 150 հայ ուսուցիչներ պետք է վերապատ­րաստական դասընթացների մասնակցեին Հայաստանում' հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ: Այդ ծրագիրը պետք է տևեր մեկ ամիս և անցկացվեր երկու փուլով. այս տարի պետք է մասնակցեին ուսուցիչների մի մասը, իսկ հաջորդ տարի' մյուս: Սակայն, ինչպես պարզվեց, նախաձեռնության իրագործման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել' այնքան լուրջ, որ այն գրավել է Վրաստանի Ազգային Անվտանգության նախարարության ուշադրությունը:

Հավաստի տեղեկատվության աղբյուրների տրամադրած ինֆորմացիայի համաձայն, երկրի Ազգային Անվտանգության նախարարության աշխատակիցներն իրենց մոտ հրավիրելով հայկական դպրոցների ուսուցիչներին, խստիվ զգուշացրել և պահանջել են, որ նրանք հրաժարվեն Հայաստանում վերապատրաստական դասընթացների մասնակցության մտադրությունից: Նույն տեղեկատվության աղբյուրների հաղորդմամբ, մանկավարժներին զգուշացվել է, որ եթե նրանք մեկնեն, ապա հետագայում խնդիրներ կունենան, քանի որ «նրանց Հայաստան տանելն իրականում այլ նպատակ է հետապնդում»: Այս խոսքերից ուսուցիչներն այնքան են վախեցել, որ անգամ խուսափում են եկեղեցի այցելել:

Այս դեպքի առնչությամբ, տեղաբնակների կարծիքը գրեթե նույնն է. եթե տարիներ առաջ Ազգային Անվտանգության նախարարությունը գործում էր որոշակիորեն զուսպ, ապա այժմ սկսել է բացահայտորեն միջամտել նույնիսկ կրթական բնույթ ունեցող նախագծերի իրականացմանը: Այս ծառայության նման կոպիտ պահվածքն ու անհարկի միջամտությունը մեկ անգամ ևս վկայում է, որ նման քայլերով պարզապես ուզում է մեծ արջի ծառայություն մատուցել երկրի իշխանություններին:

Ըստ որոշ տեսակետների, նման միջամտություններն իրականում նպատակ ունեն ճնշել և ոտնահարել հայ եկեղեցու իրավունքները' փոխարենը ուժ եվ իշխանություն տալով վրաց եկեղեցուն: Շատերն էլ գտնում են, որ բոլորովին չեն զարմանա, եթե մի օր էլ հայ եկեղեցու հեգեվորականներին կանչեն Ազգային Անվտանգության կառույց և պահանջներ թելադրեն...

Հավելենք, որ այժմ դեպքի առնչությամբ դիմվել է Վրաստանի ԿԳ նախարարություն, և մոտ օրերս ակնկալվում է նախարարի դրական պատասխանը:

Ա-ԻՆՖՈ

Այս խորագրի վերջին նյութերը