Լրահոս

23.06.2009 14:07


«Երկիր» միության հայտարարությունը ջավախքահայության իրավունքների ոտնահարման քաղաքականության նոր դրսևորումների վերաբերյալ

Վրացական իշխանությունների կողմից տարվող ջավախքահայության իրավունքների ոտնահարման հետևողական քաղաքականությունը վերջին շրջանում ստացել է նոր՝ ավելի բիրտ և բացահայտ դրսևորումներ: Այսպես՝

1.                        Վրաստանի անվտանգության ծառայություն են կանչվել և հարցաքննվել վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստան մեկնել պատրաստվող ջավախքահայ ուսուցիչները.

2.                        Շարունակվում են կոպտորեն ոտնահարվել ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի իրավունքները, որը ս.թ. ապրիլի 7-ին ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելու մեղադրանքով վրացական դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման

3.                        Ս.թ. հունիսի 19-ին  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որը հայտնի է ջավախքահայությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ իր հրապարակային ելույթներով, առանց որևէ բացատրության թույլ չի տրվել մուտք գործել Վրաստան:

Վրացական իշխանությունները, մտահոգված լինելով ջավախքահայության իրավունքների ոտնահարման իրենց քաղաքականության նկատմամբ Հայաստանում, Սփյուռքում և միջազգային հանրության մոտ հետզհետե աճող դժգոհությունից, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու Հայաստան կատարելիք այցի նախօրյակին հակահայկական հալածանքները խստացնելու միջոցով փորձում են հասնել հետևյալ հիմնական նպատակների՝

1.      ևս մեկ անգամ դրսևորել ջավախքահայության իրավունքների հարցում իրենց անզիջում կեցվածքը,

2.      տեղափոխել ջավախքյան խնդիրը հայ-վրացական միջպետական հարաբերությունների ոլորտ և, համապատասխան տնտեսական ճնշում գործադրելով Հայաստանի իշխանությունների վրա՝ ստիպել նրանց նոր զիջումների:

«Երկիր» միությունը կոչ է անում վրացական իշխանություններին հասկանալու, որ հալածանքները միմիայն խորացնում են առկա դժգոհությունը՝ Հայաստանում և Սփյուռքում էլ ավելի արմատավորելով այն գիտակցությունը, որ  ջավախքահայության օրինական իրավունքների համար պայքարը՝ համահայկական պայքար է: Հետևաբար, ջավախքահայության խնդիրը միջպետական հարաբերությունների ոլորտ տեղափոխելը և այդ հարթության վրա ճնշման տնտեսական լծակների օգտագործման միջոցով դրանց «լուծում» տալու վրացական իշխանությունների փորձերը դատապարտված են ձախողման:

Հալածանքների դադարեցման, ջախքահայությունը ներկայացնող հասարակական-քաղաքական շրջանակների հետ երկխոսության և ջավախքահայության առջև ծառացած լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրներին իրական լուծում տալուն որևէ այլընտրանք գոյություն չունի:

Հայաստանի իշխանությունները, հայաստանյան ու սփյուռքյան կառույցները, միջազգային կազմակերպությունները պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել Ջավախքում հետզհետե խորացող ճգնաժամը կանգնեցնելու և ջավախքահայության խնդիրներին  մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին համապատասխան լուծում տալու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը