Լրահոս

07.02.2013 15:44


Tert.am-ի պարզաբանումը «Հայ ազգային կոնգրեսի» հայտարարության առնչությամբ

Tert.am-ի պարզաբանումը «Հայ ազգային կոնգրեսի» հայտարարության առնչությամբ

 Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այսօր, մի շարք կայքերում, այդ թվում և Tert.am-ում, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցը ներկայացվել է «նենգափոխված»։

Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի հայտարարությունը և Tert.am-ի պարզաբանումը հաջորդաբար

ՀԱԿ-ի հայտարարությունը
Այսօր լրատվական կայքերը տարածել են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցը: Մասնավորապես www.tert.amwww.lragir.am,www.henaran.am և www.news.am և մի շարք այլ կայքերում հարցազրույցը ներկայացված է նենգափոխված: Մասնավորապես.

 

- Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

 Կայքերի ներկայացրած տարբերակում.

 - Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

 Հատկանշական է, որ երկու պարագայում էլ փոխված է մեկ կոնկրետ բառ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք հարցազրույցի աղավաղման մի կենտրոնից ստացած հրահանգի կատարման հետ:

 Վերոնշյալ կայքերից պահանջում ենք անմիջապես շտկել կատարած նենգափոխումը, ներողություն խնդրել ընթերցողներից և հետայսու ձեռնպահ մնալ հասարակությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուց:

 Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք գտնել Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում`www.anc.am

 Մամլո Ծառայություն

Tert.am-ի պարզաբանումը
ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում մատնանշված սխալն իսկապես տեղ է գտել Tert.am-ում, մի աննշան տարբերությամբ միայն. «չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից»-ի փոխարեն Tert.am-ում տեղ է գտել, ոչ թե «չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից»  (ինչպես նշված է ՀԱԿ հայտարարության մեջ), այլ «չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրին»։

Ամեն դեպքում, մեր կատարած սխալն արված է առանց որևէ դիտավորության, այլ վրիպակ է՝ թերթում կարդացածը կայքում ներմուծելիս սխալ վերարտադրելու արդյունք։ 

Հարկ է նշել նաև, որ նշված նախադասության՝ վրիպակին հաջորդող հատվածը (...այն է ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։) հակասում է վրիպակում արտահայտված մտքին, ինչը ակնհայտ է դարձնում, որ այն ընդամենը վրիպակ է։
Մեզ համար անհասկանալի է, թե համացանցի զարգացվածության ներկա  մակարդակում, ինչ տրամաբանությունից ելնելով մեր կայքը, որն ընդամենը մեկն է այն մի քանի տասնյակ հայկական կայքերից, որոնք տպագիր մամուլի տեսություն են իրականացնում, պետք է գիտակցաբար նման սխալ աներ։ Ինչպես ասում են՝ «ասեղը պարկում չես պահի»։
Tert.am-ը ՀԱԿ-ի հայտարարությունից ժամեր առաջ՝ վրիպակի մասին իմանալուն պես, այն ուղղել է։
Իսկ թե մյուս լրատվամիջոցներում ինչպե՞ս է հայտնվել նույն սխալը՝ դժվար չէ ենթադրել։
Ամեն դեպքում, հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և հավաստիացնում, որ Tert.am-ի համար անընդունելի են ընթերցողին մոլորության մեջ գցելու մեթոդները, որոնք տվյալ պարագայում շատ ճղճիմ են։
Գևորգ Սահակյան,
Tert.am կայքի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը