Լրահոս

08.02.2013 15:20


«Ապագան քոնն է» ՀԿ անդամները՝ ԱԺ-ում

«Ապագան քոնն է» ՀԿ անդամները՝ ԱԺ-ում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 8-ին հանդիպում ունեցավ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության շուրջ 30 անդամների հետ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագիրը, որը Եվրոպական միության օժանդակությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի մի մասն է:

Ողջունելով ՀԿ անդամ՝ ավագ դպրոցների աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը համոզմունք հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական եւ օգտակար կլինեն: Հանդիպման մասնակիցերի խնդրանքով՝  հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նախընտրական գործընթացներին, խորհրադարանի աշխատանքների առանձնահատկություններին, ներկայացրեց այլ երկրների հետ համեմատական վերլուծություն:

Ի պատասխան հարցադրման, թե հատկապես ինչով են տարբերվում նախագահական այս ընտրությունները նախորդներից, Արտակ Դավթյանը նկատեց, որ սպասվող ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու. նախըտրական շրջանն աչքի է ընկնում իր առողջ ընթացքով, հանդարտ մրցակցությամբ:

Հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին նաեւ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներից: ԵՊՀ պատմության ֆակուլտետում սովորող ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Արտակ Դավթյանը բուռն քննարկումների առիթ դարձած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի վերաբերյալ: Բարձր գնահատելով ֆիլմի՝ որպես քարոզչական հզոր գործիքի դերը, Արտակ Դավթյանը նշեց, որ չնայած մատնանշվող թերություններին՝ ընդհանուր գնահատականը դրական է, չարժի շատ խիստ դատել:

Կրթության ոլորտի եւ աշխատաշուկայի միջեւ առաջարկ-պահանջարկ կապերին, անհամապատասխանություններին, որակի խնդիրներին անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ երիտասարդների շատ մտահոգություններ արդարացված են, սակայն պետք է նաեւ նկատել, որ մեծ աշխատանք է կատարվել վերջին տարիների ընթացքում. Հայաստանում կրթության որակը տարբեր ցուցանիշներով ոչ միայն շատ բարձր է գնահատվում տարածաշրջանում, այլեւ մրցունակ է համարվում ամբողջ աշխարհում:

Ծավալված հարցուպատասխանի ընթացքում «Ապագան քոնն է» ՀԿ անդամները հետաքրքրվեցին նաեւ գիտական աստիճաններ եւ կոչումներ ստանալու կարգով ու չափանիշներով, ավագ դպրոցում կրթական ծրագրերի, մարզերում երիտասարդների կրթության, ժամանցի համար ստեղծված պայմանների եւ այլ խնդիրներով: 

Այս խորագրի վերջին նյութերը