Լրահոս

08.02.2013 17:26


Դատախազը հաստատել է Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Դատախազը հաստատել է Վազգեն Խաչիկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վ. Խաչիկյանի եւ եւս 12 ծառայողների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք եւ կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը: 

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Նախաքննության տվյալներով` կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ` պարզվել է նաեւ, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006թ. սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական եւ վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երեւան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին եւ վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գեւորգյանին: 
Խմբի` վերը նշված անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում: 

Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են նաեւ «Արաբկիրի» տարածքային բաժնի պետ Հ.Հովհաննիսյանը, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Ա.Մարտիրոսյանը, «Էրեբունի եւ Նուբարաշենի» տարածքային բաժնի պետ Ս.Սարգսյանը և «Շենգավիթի» տարածքային բաժնի պետ Ս.Էլբակյանը, բաժնի պետի տեղակալներ Ա.Սուքիասյանը, Հ.Մարտիրոսյանը, օպերատոր Հ.Դանիելյանը, Վ.Խաչատրյանի հարազատներ Ա.Խաչատրյանը եւ Բ.Մուրադյանը, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տեւական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում` դիմումներում և վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու եւ ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա. 

Վ.Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով,

Վ.Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 

Ա.Աբրահամյանին, Հ.Գրիգորյանին, Վ.Խաչատրյանին, Ս.Էլբակյանին, Հ.Հովհաննիսյանին, Ս.Սարգսյանին, Ա.Սուքիասյանին եւ Հ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով, 

Հ.Դանիելյանին, Բ.Մուրադյանին եւ Ա.Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 38-314-րդ հոդվածով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան առաջին ատյանի դատարան:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաեւ հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա.Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով:

Այս խորագրի վերջին նյութերը