Քաղաքական

20.02.2013 17:48


Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կպատասխանի այսօր՝ ժամը 6–ին

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կպատասխանի այսօր՝ ժամը 6–ին

Այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ով այսօր՝ մինչև ժամը 6–ը, չգնա այնտեղ և ներողություն չխնդրի, նա պատասխան է տալու ժողովրդի առաջ։

–Ով յուրացնում է իշխանությունը, նա հանցագործ է և պետք է պատասխան տա։ Սա սիրո պայքար է։ Սա Սովետ չէ կամ Օսմանյան կայսրություն, սա Հայաստանի Հանրապետությունն է։

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում հավաքված մարդկանց հարցրել է. «Դուք պատրա՞ստ եք երկարատև պայքարի, պատրա՞ստ եք մինչև հաղթանակ, պատրա՞ստ եք մինչև Հայաստան», և երբ ներկաները բացականչել են՝ այո՜, Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդել է.

–Ե՛ս էլ եմ պատաստ։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ սրանից հետո կուսակցական դրոշները վայր են դրվում, և մնում է մի՛ ժողովուրդ, և այսօր բոլորս միասին պիտի միանանք դեպի հաղթանակ։

Ի պատասխան՝ ներկաները բացականչել են. «Հայաստա՜ն, Հայաստա՜ն»։

Իսկ իր նախկին հայտարարության համար, թե հայ ժողովուրդը առաջին անգամ է հաղթանակ տանում, Ր. Հովհաննիսյանը ներողություն է խնդրել.

–Ես երեկ լեզվի սայթաքում ունեցա, ես էլ եմ մարդ։ Ներողություն այդ սայթաքման համար։ Ասացի, որ առաջին անգամ է ժողովուրդը հաղթում։ Մենք բոլորս գիտենք, որ Վազգեն Մանուկյանը, Կարեն և Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը (առաջին անգամ) հաղթել են, բայց իմ ասածն այն էր, որ այս անգամ բարոյակա՛ն չի մնալու մեր հաղթանակը։

Իսկ Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է պատասխանել այսօր՝ ժամը 6–ին։

–Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով այսօր ինչ–որ մեսիջ է ուղարկել։ Ես դրան կպատասխանեմ ուղիղ և ժամը 6–ին։ Պայքար մինչև հաղթանակ։ Սա մեր հայրենիքն է և տանելու ենք մինչև կատար։ Չհոգնե՛ք։ Չվախենա՛ք։ Հայ մարդը հաղթահարել է իր վախը։ Հիմա՝ մի փոքր երաժշտություն։ Ժամը 6–ին կշարունակենք մեր ճանապարհը դեպի հաղթանակ,–ասել է նա և խոսատցել է խոսափողին մոտենալ ժամը 6–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը