Լրահոս

25.06.2009 13:41


Ցուցարարների դիմումը Միխայիլ Սահակաշվիլիին

Ցուցարարների դիմումը Միխայիլ Սահակաշվիլիին

Միխայիլ Սահակաշվիլիի դեմ բողոքի ցույցի մասնակիցները նրան դիմում են հղել, որտեղ մասնավորապես ասված է.

Պարո՛ն նախագահ,

Օգտվելով Ձեր՝ Երևանում գտնվելու առիթից, ցանկանում ենք փոխանցել Ձեր երկրի հայազգի քաղաքացիների պահանջները, որոնք բազմաթիվ անգամներ փոխանցվել են Ձեզ, բայց մնացել են անպատասխան։ Այս պահանջները մեծամասամբ բխում են Ձեր խոստումներից և միջազգային կառույցներում Վրաստանի ստանձնած պարտավորություններից։ Դրանք են. Վրաստանի տարածքում Հայ Առաքելական եկեղեցուն տալ կրոնական հաստատության իրավական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումը և որպես այդպիսին՝ զավթումը, նպաստել հայկական դպրոցների կենսունակ գործունեությանը, դադարեցնել պետական տարբեր կառույցների կողմից  հայերին վախեցնելու, հայկական շրջաններում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի երկրամասում հայերենը հռչակել պետական երկրորդ լեզու, նախաձեռնել հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը, քայլեր ձեռնարկել երկրամասին և հարակից հայաբնակ շրջաններին տալու սահմանադրորեն ամրագրված ինքնավար կարգավիճակ՝ որպես Դաշնային Վրաստանի բաղկացուցիչ միավորներից մեկը՝ տեղական ինքնակառավարման բարձր մակարդակով, դադարեցնել երկրամասի ժողովրդագրական պատկերը արհեստականորեն փոխելու քայլերը, միջազգային նպաստներից ներդրումներ կատարել սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն ծրագրերի իրականացման նպատակով, չխոչընդոտել երկրամասի բնակչության և հասարակության հարաբերությունները ՀՀ-ի հետ։

Պարո՛ն նախագահ,

Համոզված ենք, որ հայ և վրաց ժողովուրդների պատմական հարաբերությունները հիմք կարող են հանդիսանալ, որ երկու պետությունները՝ Հայաստանն ու Վրաստանը, համատեղ ճիգերով զարգանան ու զորանան։ Համոզված ենք, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհը պետականության հիմնական օրենքով նախատեսված պետական դաշնային կառույցի կիրառումն է։ Համոզված ենք, որ Դաշնային Վրաստանի զարգացման հիմնական երաշխիքներից մեկը ամբողջական Վրաստանում ինքնավար Սամցխե-Ջավախքի շրջանի գոյությունը կլինի։ Վրաստանի կազմում զարգացած Սամցխե-Ջավախքի ինքնավար շրջանը նաև կլինի վրաց-հայկական հարաբերությունների խորացման և ամրագրման իրական երաշխիքը։

Երևանում հունիսի 25-ին հավաքի մասնակիցներ՝

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ջավախքցիներ, երիտասարդական, ուսանողական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

Այս խորագրի վերջին նյութերը