Լրահոս

02.03.2013 13:56


Ի՞նչ է խոզի գրիպը

Ի՞նչ է խոզի գրիպը
 
Գրիպ
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու։ Գրիպը համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ է: Համաճարակներն առաջանում են, երբ գրիպի վիրուսի նոր ենթատիպն ախտահարում է վերջինիս նկատմամբ ընկալունակ բնակչությանը: Այն կարող է պատճառ դառնալ աշխարհում բազմաթիվ համաճարակների միաժամանակյա առաջացմանը, ընդհուպ` պանդեմիաների (համավարակ), երբ վարակի թիրախ են դառնում միլիոնավոր մարդիկ, արձանագրվում են մահվան մեծաթիվ դեպքեր: Գրիպի պանդեմիաները հայտնի են արդեն մի քանի հարյուրամյակ: Անցյալ դարում պանդեմիաներ արձանագրվել են 1918թ.  (H1N1 «Իսպանական գրիպ»), 1957թ. (H2N2 «Ասիական գրիպ»), 1968թ. (H3N2 «Հոնգկոնգյան գրիպ») և 2009թ. (H1N1 «Կալիֆորնիական գրիպ կամ խոզի գրիպ»): 
 Ի՞նչ է խոզի գրիպը
 Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որ հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը խոզերի շրջանում պարբերաբար գրիպի բռնկումներ է առաջացնում: Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն 2009թ. Մեքսիկայում տասնամյա երեխայի մոտ հայտնաբերվեց գրիպի մի ենթատեսակ, որը շատ նման էր խոզի գրիպի վիրուսին և մարդկությանը բացարձակապես հայտնի չէր: 2009թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց գրիպի նոր ենթատեսակով հարուցված հիվանդության դեպքի մասին: Հետագայում գրիպի այդ նոր` Ա H1N1 ենթատեսակը կամ խոզի գրիպը սկսեց արագ տարածվել` սկզբում ամերիկյան, հետագայում` եվրոպական տարածաշրջանի երկրներում, որն էլ 2009թ. հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի Ա /H1N1/ վիրուսային վարակի պանդեմիա հայտարարելու հիմք հանդիսացավ: Սակայն 2010 թվականի օգոստոսից ԱՀԿ-ի կողմից այն դասվել է մարդկային սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ կորցրել է նախկին ագրեսիվությունը և պանդեմիկ ներուժը: 
 Հանրապետությունում համաճարակային իրավիճակը
 Ներկայումս հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում: Իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին` 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։  
 Սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով նաև շտապ օգնության կանչերի աճ է գրանցվել: 
Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 198, թոքաբորբերի թեթև ձևերով` 74 հիվանդ, իսկ Երևանում` սուր շնչառական վարակներով բուժվում է 161 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով` 143: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
 
Փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է  լաբորատոր վիրուսաբանական 236 հետազոտություն, որից 75 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 23-ում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ա տեսակի H1N1 ենթատեսակը գրեթե 70% դեպքերում արձանագրվել է թեթև ընթացքով հիվանդների մոտ: 
 
Լաբորատոր հետազոտություններն իրականացվել են ընտրողաբար` ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում։ Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, այնպես էլ Բ տեսակ արձանագրվել է ինչպես թեթև, այնպես էլ միջին ծանրության հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ, հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:
  
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներ
 Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ի սկզբանե ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են: 
 Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը։ 
 
Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում, շտապ օգնության կայաններում,  այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Միաժամանակ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: 

Այս խորագրի վերջին նյութերը