Լրահոս

26.06.2009 15:29


Երվանդ Բոզոյան. «Ջավախահայության խնդիրները չլուծելը հղի է լուրջ հետևանքներով»

Երվանդ Բոզոյան. «Ջավախահայության խնդիրները չլուծելը հղի է լուրջ հետևանքներով»

«Հայացք» մամուլի ակումբում ջավախահայության խնդիրների մասին են խոսել քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը և Երվանդ Բոզոյանը։

«Ջավախքի հետ կապված խնդիրները սրելը Հայաստանի շահերից չի բխում»,– ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը,– դրանք պետք է լուծել միմիայն բանակցությունների ճանապարհով: Այս տեսանկյունից Ս. Գրիգորյանը ողջունում է Հայաստանի այսօրվա իշխանությունների զգուշավոր քաղաքականությունը։

-Ցանկացած վեճից մենք հաղթող դուրս կգանք, բայց գլոբալ՝ պարտվող։ Պետք է աշխատել իշխանությունների հետ, քանի որ 1915թ. մեզ բոլորիս համար պետք է լինի դաս։ Այն ժամանակ, իրոք, հարցերը սրեցին, իրոք, հայերը շատ ազնիվ հարցեր բարձրացրեցին։ Ինչո՞վ դա ավարտվեց՝ դուք գիտեք։ Վրաստանն այլ երկիր է, այլ ժողովուրդ է, նույն մեթոդիկան չի լինի։

Ե. Բոզոյանը թեև համաձայնվել է, որ ջավախահայության խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով, սակայն իրավիճակը չսրելու մասին հայտարարություններն ուղղակի կենացային մակարդակի խոսակցություններ է համարում.

-Պետք է հասականալ, թե որտե՞ղ կարող ենք զիջել, որտե՞ղ իրավունք չունենք զիջելու։ Եթե մենք զիջում ենք հայ-վրացական համալսարան չստեղծելու, լեզուն չկիրառելու հարցերում, ապա ստեղծում ենք մի շատ վտանգավոր հիմք՝ հետագայում լուրջ հակամարտությունների համար։ Հայ-վրացական հարաբերությունների բարելավման լավագույն տարբերակը այդ խնդիրները լուծելն է։ Չլուծելը հղի է լուրջ հետևանքներով, որը մենք կտեսնենք 3-4 տարի անց։

Ըստ Ե. Բոզոյանի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ջավախահայության խնդիրը մեր երկրի համար գլխացավա՞նք է, թե՞ գործոն.

-Եթե դա իսկապես գործոն է, մենք կարող ենք հավասարակշռել հայ-վրացական հարաբերությունները և թուլացնել մեր կախվածությունը Վրաստանից՝ որպես տարանցիկ երկրից։ Եթե մեզ համար գլխացավանք է, ապա շատ կարճ ժամանակահատվածում մենք կզգանք դրա բոլոր բացասական հետևանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը