Լրահոս

07.03.2013 09:34


Վայոց Ձորում բոտուլիզմից մահվան դեպք է արձանագրվել

Վայոց Ձորում բոտուլիզմից մահվան դեպք է արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին` ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:

Մարտի 5-ին սննդային թունավորման` բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է:

Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, կոպի իջեցում: Հիվանդը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Հիշեցնենք` բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը կլոստրիդիում բոտուլինումն (Clostridium botulinum)-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Այդ հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, 20-370C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վեր են ածվում վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն: Հարուցիչը ոչնչանում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում` բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: Բոտուլաթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Կլինիկական հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում, կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե

• Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Այս խորագրի վերջին նյութերը