Լրահոս

07.03.2013 13:44


Արդարադատության նախարարության արձագանքը ՄԻՊ զեկույցին

Արդարադատության նախարարության արձագանքը ՄԻՊ զեկույցին

2013 թ. մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրա­պարակվել է «Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերտառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի հատվածը (http://ombuds.am/article/933): Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների հրապարակումը և խնդիրների վերհանումը, այդուամենայնիվ,  անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:

 Ցավոք, զեկույցի՝ արդարադատության նախարարության գործունեությանը վերաբերվող հատվածում զգալի ենընդհանուր բնույթի պնդումները, որոնք որևէ փաստով կամ փաստարկով չեն հիմնավորվում: Օրինակ՝  փաստաթղթի հեղինակները մտահոգիչ են համարում  «դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը», կամ  «Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները», «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում» և նմանօրինակ, այլ ընդհանրական, առանց փաստական հիմնավորումների ձևակերպումներ: 

 Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում,  «Ար­դարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումները» ներկայացնելիս, հաշվի չեն առնվել նախարարության իրավասության շրջանակը, գործունեության և պատասխանա­տվության սահմանները: Արդյունքում  փաստաթղթում  տեղ են գտելդատական իշխանության և Արդարադատության խորհրդի գործունեությանն առնչվող այնպիսի պնդումներ, որոնք  չեն վերաբերում արդարադատության նախարարության գործառույթնեներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատարաններն անկախ են՝ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով /հոդված 5, 91, 94/:

  ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչական հարցերին վերաբերվող պնդումներում ևս անտեսվել է այն հանգամանքը, որ  ՀՀ  օրենսդրության համաձայն ՔԿԱԳ մարմինները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների կազմում և դրանց գործունեության կազմակերպումը համայնքի ղեկավարի լիազությունն է /տեղական ինքնակառավարման մասին օրենք/: Արդարադատության նախարարությունն իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն:

 Այսինքն, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՔԿԱԳ մարմիններին առնչվող գնահատականները  ևս  դուրս են  արդարադատության  նախարարության պատասխանատվության շրջանակներից:

 Զեկույցում տեղ են գտել նաև այնպիսի  գնահատականներ, որոնք ամենայն հավանականությամբ հիմնված են եղել 2-3 տարվա վաղեմության տվյալների և դիտարկումների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է զեկույցում նշված նոտարական ծառայությունների սակագների հստակեցմանն ու նոտարների կողմից որոշ փաստաթղթերի օրինակները գրասենյակում չպահելու հետ կապված հարցերին: 

 Մարդու իրավունքների ինստիտուտը մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար: Սակայն, նմանօրինակ, մեղմ ասած, թերություններով կազմված զեկույցները կարող են վնասել այդ կարևոր  ինստիտուտի հեղինակությանը, անգամ վտանգի տակ դնել երիտասարդ, դեռևս կայացման փուլում գտնվող  այս ինստիտուտի հանդեպ  հանրության վստահությունը:

Այս խորագրի վերջին նյութերը