Լրահոս

09.03.2013 18:00


Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահ

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահ

Երևանում մարտի 9 –ին տեղի ունեցավ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու – ընտրական  համաժողովը: ՀԱՕԿ-ի 126  անդամներից  ներկա էին 111–ը:

Միջոցառումը նախագահող, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահրամ Առաքելյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ, հոտընկայս հարգեցին  կյանքին հրաժեշտ տված օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի, աշխարհահռչակ հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանի  և  ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, հայսպորտպետկոմի նախկին փոխնախագահ Բակուր Հասրաթյանի հիշատակը:

Օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Անցած քառամյա փուլում / 2009 – 2012 թթ. /  կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ  ՀԱՕԿ–ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը: Նա  խոսուն փաստերով  և օրինակներով ներկայացրեց  կարևոր մրցաշարերում հայ օլիմպիականնների / ամառային , ձմեռային , պատանեկան խաղեր և երիտասարդական փառատոներ /  մրցելույթները , խոսեց նվաճումների ու նաև անհաջողությունների մասին:

Շիրակի և Լոռվա մարզերում  ստեղծվել են ՀԱՕԿ-ի մասնաճյուղեր:

Տարբեր մարզաձևերի տասնյակ մասնագետներ են հրավիրվել Հայաստան  ու ղեկավարել   մարզչական – մասնագիտական դասընթացներ: Դրանց ունկնդրել են  երկրի բոլոր մարզերում աշխատող համապատասախան մասնագետները:

Հաջողությունների գործում անուրանալի է ՀԱՕԿ –ի նախագահ  Գագիկ Ծառուկյանի դերը : Նրա  նախաձեռնությամբ և աջակցությամբ են Երևանում  կազմակերպվել ու անցկացվել   բռնցքամարտի  աշխարհի պատանեկան, երիտասարդական առաջնություններ, կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, աշխարհի հոկեյի առաջնության երրորդ խմբի մրցաշար, օլիմպիական խաղերի դափնեկիր ըմբիշներ  Լևոն Ջուլֆալակյանի, Ստեփան Սարգսյանի  անվան և   միջազգային այլ  մրցաշարեր:

ՀԱՕԿ –ը ընդլայնել է կապերը միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների և միջազգային տարբեր ֆեդերացիաների  ու բազում  ազգային երկրների  ԱՕԿ–ների հետ:

ՄՕԿ–ի  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են  բազմաթիվ  ծրագրեր: 

ՀԱՕԿ-ի գործունեությունը բարելավելու նպատակով  Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներից մարզաշխարհի մարդկանց է հատկացրել  բնակարաններ, ավտոմեքենաներ  և  ֆինանսական պարգև՝  մեկ միլիարդ  234 միլիոն  260 հազար  դրամ:

Կատարված աշխատանքը  ավելի ընդգրկուն ներկայացվեց տեսաֆիլմով:

Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀԱՕԿ - ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հարություն Մելքոնյանը:

Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած  կառույցի  աշխատանքը  իրենց խոսքում բարձր գնահատեցին օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը , Լևոն Ջուլֆալակյանը , Օգսեն Միրզոյանը , օլիմպիական ակադեմիայի դեկան Հարություն Բաբայանը և  շախմատի  մասնագետ  Հովիկ Խալիկյանը : Նշվեց , որ  Գ. Ծառուկյանի ղեկավարության օրոք / 2008  և  2012 թթ.  կայացած օլիմպիական    խաղեր/ Հայաստանի մարզիկները նվաճել են  9 մեդալ:

Ներկաները նույնպես բավարար գնահատեցին ՀԱՕԿ - ի կատարած աշխատանքը և  Գագիկ Ծառուկյանին  միաձայն վերընտրեցին  ՀԱՕԿ –ի նախագահի պաշտոնում: 

Փոխնախագահներ ընտրվեցին Վահրամ Առաքելյանը, Դերենիկ Գաբրիելյանը և Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար ընտրվեց Հրաչյա Ռոստոմյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ  Գ. Ծառուկյանը : Նա ասաց ,որ  հաջողությունները և ընդհանուր  առաջընթացը պայմանավորված է բնագավառի մարդկանց նվիրական աշխատանքով : Տևական ձախողումներից հետո մեր օլիմպիականների  հաշվին գրանցված պարգևները  մարզիչների , մարզական բոլոր կազմակերպությունների աշխատակիցների տքնաջան  գործի արդյունք է  և առաջին հերթին պետք է  շնորհակալություն հայտնել նրանց: Նա մասնավորապես ընդգծեց , որ կշարունակի անկողմանակալ աշխատանքը և, ինչպես միշտ, նույնը կպահանջի մարզիչներից և մյուս բոլոր պատասխանատուներից:

ՀԱՕԿ–ի  լրատվության բաժին

 

 

Այս խորագրի վերջին նյութերը