Լրահոս

26.06.2009 19:39


«Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանություններից հետամուտ լինել Ջավախքի հիմնախնդիրների արդյունավետ ու արագ լուծմանը

26 հունիսի 2009թ., Երեւան:  Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը ընդունել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Ժառանգություն» կուսակցությունը, ողջունելով հարևան Վրաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան՝ այն դիտարկում է որպես երկու բարեկամ ժողովուրդների բազմակողմանի հարաբերությունների զարգացումը խթանող ևս մեկ քայլ: Այդ այցը, մեր կարծիքով, պետք է լիներ երկու հարեւան ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների մակարդակը բարձրացնելուն, այդ թվում հատկապես երկուստեք բնակվող ազգակիցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված այց: Այդպիսի ակնակալիքը պայմանավորված էր վերջին տարիների ընթացքում Ջավախքի բնակչության ու վիրահայության իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերով: Ցավոք, ակնկալիքները ոչ միայն չարդարացան, այլ նաեւ ՀՀ իշխանությունները դրսեւորեցին մարդու իրավունքները ոտնահարող քայլեր. ՀՀ ոստիկանության աշխատակիցները և կարմիր բերետավորները ջավախահայերի բողոքի խաղաղ գործողությունները բռնությամբ խոչընդոտեցին և արգելեցին:

Այս կապակցությամբ հայտնելով իր մտահոգությունը, «Ժառանգություն» կուսակցությունը նշում է, որ շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել ջավախահայերի՝ հայրենի Ջավախքում խաղաղ ապրելու, սոցիալ-տնտեսական բարվոք պայմանների ստեղծման, ինչպեսեւ հայեցի կրթության ու կենսակերպի անհրաժեշտությունը՝ խարսխված Վրաստանի և Հայաստանի բարեկանոն ու անհակամարտ գործընկերության վրա: Նշվածի համատեքստում՝ «Ժառանգությունը» հայտարարում է, որ Միխայիլ Սահակաշվիլու այցի կապակցությամբ ջավախահայերի կազմակերպած բողոքի խաղաղ միջոցառումները ՀՀ իշխանությունները պարտավոր էին ընդունել որպես Ջավախքում առկա հիմնախնդիրների մասին պատշաճ և միջազգայնորեն ընդունված քաղաքակիրթ հերթական հիշեցում Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությանը:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է ուժային մարմինների անօրինական գործողությունները և մեկ անգամ ևս ՀՀ իշխանություններից պահանջում օրինականության գերակա սկզբունքի և հայ ու վրացի ժողովուրդների դարավոր բարիդրացիության հենքի վրա մշտապես հետամուտ լինել Ջավախքի հիմնախնդիրների արդյունավետ ու արագ լուծմանը:

 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը