Քաղաքական

23.11.2010 15:06


Ինչի՞ շուրջ են երկխոսելու ՀՀՇ–ն ու իշխանությունները

Ինչի՞ շուրջ են երկխոսելու ՀՀՇ–ն ու իշխանությունները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ քաղբանտարկյալների հարցը թե՛ ՀՀՇ-ի, թե՛ ՀԱԿ-ի թիվ մեկ մարտավարական խնդիրն է, և իրենք ամեն ինչ անելու են այդ խնդիրը լուծելու համար։ Այս կապակցությամբ նա նշել է, որ ՀՀՇ-ն երեք միջազգային փաստաթուղթ է բերել Հայաստան, որոնք վերաբերում են քաղբանտարկյալներին։

-ՀՀՇ-ն պահանջում է իշխանություններից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ ՀՀՇ-ն խոստացել է, որ իր բոլոր հնարավոր միջոցներով, միջազգային և ներքին կառույցներով ճնշում է գործադրելու իշխանությունների վրա՝ քաղբանտարկյալների ազատման խնդիրն օր առաջ լուծելու համար։ Մենք չենք հանդուրժելու այս երևույթը, նույնիսկ պահանջում եմ մինչև հունվար ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,-ասել է Արամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է այս հարցում իշխանությունների հետ երկխոսությանը, Արամ Մանուկյանն ասել է, թե իրենք իշխանությունների հետ խոսելու բան չունեն.

-Բազմիցս հրապարակվել է, որ թիվ մեկ հարցը, որ իշխանությունները պետք է լուծեն, քաղբանտարկյալների ազատումն է, թիվ երկու հարցը՝ մարտի 1-ի 10 զոհերի հետաքննության բացահայտման կազմակերպումը, որից հետո միայն կարող է երկխոսության թեմա բացվել իշխանությունը հանձնելու կամ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ,-ընդգծել է նա։

«Ի՞նչ է նշանակում իշխանություն հանձնելու հարցի քննարկում» հարցին ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասել է, որ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին բնագավառներում շատ անմխիթար վիճակում է, մասնավորապես որակական նոր փուլ ենք մտել ամերիկյան և ռուսական հանցագործությունների, ուրանի հետ կապված տարբեր դեպքերի բացահայտմամբ, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունները դուրս են եկել միջազգային հանցագործությունների որակական նոր մակարդակ։

-Կարծում եմ՝ գերտերություններն ու ուժային կենտրոնները լուրջ եզրահանգումներ կանեն սրա հետ կապված՝ իրենց իսկ երկրների անվտանգության շահերից ելնելով, և դա լրջագույն ազդեցություն պետք է ունենա ՀՀ իշխանությունների համար։ Դրան գումարվում են նաև Ղարաբաղի հետ և ներքին այլանդակությունների հետ կապված բոլոր դեպքերը, և միակ ճիշտ լուծումը ես տեսնում եմ իշխանությունների հրաժարականի մեջ։ Մեզ համար արտահերթ նախագահական ընտրությունները լուծում են նշածս բոլոր խնդիրների՝ թավալգլոր գահավիժման, ձախողման, կոլապսի դեմն առնելու,-ասել է նա։

Իշխանությունների հրաժարականը, ըստ Ա. Մանուկյանի, բացասական ընթացքի կասեցման լավագույն միջոցն է։ Նա նշել է, որ եթե իշխանությունները ցանկանում են, որ երկրի կործանումը չշարունակվի, այդ դեպքում հրաժարականը լավագույն տարբերակն է:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը