Լրահոս

19.03.2013 22:55


Լիբանանը հրահրիչ և զսպիչ գործողությունների միջև

Լիբանանը հրահրիչ և զսպիչ գործողությունների միջև

Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ  սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական  անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին:

Կրոնավորների դեմ կատարված այս արարքները թեեւ դատապարտվում են լիբանանյան դաշտը կազմող բոլոր ուժերի կողմից, այսուհանդերձ ժողովրդային ցասումը շարունակում է իր դրսեւորումներն ունենալ: Իրավիճակի հանդարտեցման համար պետական հաստատությունները եւ համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկում:

Հստակ է, որ ներլիբանանյան կայունությունը թիրախ է: Նրան սպառնում են այն ուժերը, որոնք պատվիրում են նախ գրգռիչ ելույթներ, հրապարակում են հոխորտանքներ, ոչ քաղաքական ճանապարհներով հարցերին լուծում տալու հայտարարություններ: Նրանք, որոնք փողոցին եւ խռովարարությանը կանաչ լույս են տալիս հրահրելու կացությունը, փակելու ճամփաները, խոչընդոտելու բնականոն կյանքը: Նաեւ նրանք, որոնք դիմում են բռնության եւ քայլեր են ձեռնարկում կրոնավորների դեմ:

Մի կողմից հրահրումը, մյուս կողմից լարվածության իրավիճակի ստեղծմամբ խոշտանգումը եւ կրոնական խորհրդանիշերի դեմ կատարված գործողությունները բեւեռացումը համաժողովրդականացնելու միտում ունեն: Իրավիճակը ապակայունացնելու համար կրոնական գործոնի օգտագործումը մարտավարական պարզ խաղ է կրոնականացված հասարակությունների, համայքնային համակարգով գործող շրջանների եւ երկրների մեջ:

Ամբողջ շրջանը սուննի-շիա հակասություններ սրելով, քաոսային իրավիճակների առաջնորդելով հարցեր լուծելու բաժանարար ծրագրերի գործնականացումը թվում է հասունացել է լիբանանյան հողի վրա:

Վտանգավոր եզրի հատումն է, որ կատարվում է այս օրերին Լիբանանում: Հարավից մինչեւ հյուսիս, անցնելով Բեյրութով, ժողովրդի տարբեր հատվածները իրար դեմ գրգռելու, հակադրելու եւ դյուրաբեկ համակեցությունը անհամատեղելիության վերածելու հստակ դավադրություններ են կատարվում: Չի բացառվում, որ միեւնույն կենտրոնը թելադրում է մեկ հատվածը մյուսի դեմ տրամադրելու եւ իրար դեմ բախման առաջնորդելու խաղը:

Խոր ճգնաժամի մեջ գտնվող Սիրիայից դեպի Լիբանան արձակված ռումբերը քաղաքական եւ ժողովրդային լարվածությունը այլ հարթություն տեղափոխելու նախադրյալներ են նախանշում:

Համալիբանանյան բարձրագույն պատասխանատվություն է պետք մշակված ծրագրերի մեջ չներքաշելու համար երկիրն ու ժողովուրդը: Լարված շրջանների վրա իրավապահ մարմինների վերահսկողությունը պահելու նախանձախնդրությունը զսպիչ գործողությունների արվեստի տիրապետում  է ենթադրում: Բայց խնդիրը միայն ապահովական կացություննները գետնի վրա հակակշռելուն չի վերաբերում անշուշտ: Համալիբանանյան քաղաքական գիտակցության վրա  հիմնվելով դավադրություններին ընդառաջ չգնալու կամքի դրսևորման փաստերի անհրաժեշտությունը սուր հրամայական է:  

Բեւեռացնելու եւ իրար հակադրելու քաղաքական այս ուղղվածությունը նոր օղակներ պիտի կազմի անշուշտ եւ նման երեւույթների ականատես  պիտի լինենք շատ հավանաբար: Շրջանային տարողությամբ կիրարկվող քաղաքականության լիբանանյան երեսն է, որ մենք տեսնում ենք այս օրերին: Խնդիրը ուրեմն,  հսկայական զոհողությունների գնով, համակողմանիորեն կամքի եւ որոշման դրսեւորումն է՝ մերժելու դավադիր ծրագրերի ներքաշումը: Այլապես, շրջանային ճգնաժամերը կարող են պատկերացումներ փոխանցել թե ինչ ճակատագիր ու քաոս կարող է վերստին սպառնալ այս երկրին:

Արհեստական լավատեսություն փոխանցելու համար չէ, որ պետք է հիշել ու տրամաբանել, որ արձանագրվող դեպքերը շարունակում են մնալ սահմանափակ վայրերի մեջ. համատարած բռնկման չեն վերածվում: Թվում է, որ իրար դեմ լարված հատվածների ուժի եւ որոշման կենտրոնները զսպիչ դերակատարությունը կշարունակեն կատարել համոզմամբ: Շատ հավանաբար լիբանանյան աղետները վերադարձնելու գործընթացը մերժելով. հակառակ արտալիբանանյան կենտրոնների մշակած ծրագրերին:

Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը