Լրահոս

29.06.2009 16:35


Զարուհի Փոստանջյան. «Այո՛, ես արել եմ այնպես, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԵԽ պատվիրակները միացել են հայանպաստ առաջարկությանը»

Զարուհի Փոստանջյան. «Այո՛, ես արել եմ այնպես, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԵԽ պատվիրակները միացել են հայանպաստ առաջարկությանը»

«Դե ֆակտո» ակումբում խոսելով ԵԽԽՎ-ում իր կողմից ներկայացված փաստաթղթերի մասին, որոնց տակ ստորագրել էին թուրք և ադրբեջանցի պատվիրակները՝ Զարուհի Փոստանջյանն ասել է.

-Այո՛, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Այո՛, ես թույլ եմ տվել, որ ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկի տակ։ Դա իմ գործընկեր Սասուն Միքայելյանն է, Ժորա Սափեյանն է, Մկրտիչ Սափեյանն է և այլ մարդիկ։ Ես գտնում եմ, որ իմ արարքը ճիշտ է, և եթե պետք լիներ, այսքան աղմուկից հետո նույնը կկրկնվեր։ Այս աղմուկի ամբողջ պատճառը եղել է այն, որ ես տապալել եմ այնտեղ Դավիթ Հարությունյանի գործունեությունը, ով հետապնդում էր մեկ բան՝ այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին, և մարտի 1-ի էջը փակվեր։ Այս ամենի նպատակն էր շեղել բուն բովանդակային գործընթացներից, որոնք տեղի ունեցան ԵԽԽՎ-ում։ Այո՛, ես արել եմ այնպես, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԵԽ պատվիրակները միացել են հայանպաստ առաջարկությանը, և ամենակարևորը, նրանք միացել են Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկին։ Ես արել եմ այն, ինչ պարտավոր էի անել, արել եմ այն, ինչի համար ես պատվիրակված էի այնտեղ։

Նա նաև նշել է, որ առաջինն այդ առաջարկություններին ծանոթացել է Դավիթ Հարությունյանը, ով հրաժարվել է  դրանց միանալ, այնուհետև առաջարկությունը ներկայացվել է «իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին», ով ևս հրաժարվել է, և ԵԽ-ում պատվիրակությունների առումով միակ մարդաշատ վայրում՝ առաջին հարկի ճեմասրահում, Զարուհի Փոստանջյանին մոտեցել են պարոն Գորան Լիմբլաթը (քաղաքական հանձնաժողովի նախագահը), պարոն Անդրեաս Գրոսը (սոցիալիստների խմբի նախագահը), մի թուրք պատվիրակ և Գյուլթեքի Հաջիբելին։

Հովսեփ Խուրշուդյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, հավելել է.

-Կուսակցությունում այդ 3 առաջարկները քննարկվել էին, և Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկները հենց կուսակցության առաջարկներն էին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը