Լրահոս

20.03.2013 16:46


Վարդան Օսկանյան. «ԲՀԿ–ն որոշել է՝ գնալ և հաղթե՛լ»

Վարդան Օսկանյան. «ԲՀԿ–ն որոշել է՝ գնալ և հաղթե՛լ»

–Ես խնդիր չունեմ քաղաքապետ լինելու, բայց սա ես չեմ անում քաղաքապետ լինելու համար,–«Ազատության» ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորելու փաստին՝ ասել է Վարդան Օսկանյանը.

–Ես այս պայքարը համարում եմ քաղաքակա՛ն պայքար։ Հանրապետականները փորձում են սա իջեցնել ինքնակառավարման, բյուրոկրատական հարթություն, բայց այդպես չէ։ Սա քաղաքական ընտրություններից մեկն է։ Պատկերացրեք, եթե Երևանի քաղաքապետը լինի մեկ այլ՝ ոչ իշխանական կուսակցությունից, քաղաքապետը կդառնա ՀՀ–ի երկրորդ կարևորագույն անձը՝ անկախ, թե Սահմանդրությունն ինչ է ասում։ Եթե տեսնեք քաղաքապետի լիազորությունները՝ քաղաքապետն իսկապես նախագահ է՝ հանրապետության մեջ։ Իսկ Երևանը պետություն է՝ պետության մեջ։

Օսկանյանն ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում հետընտրական փուլում, երբ դեռ նախագահական ընտրություններն իրենց հանգրվանին չեն հասել։

–ԲՀԿ–ն ամենայն լրջությամբ է նայում այդ ընտրություններին։ Մենք միանշանակ որոշել ենք՝ գնալ և հաղթե՛լ։ Եթե մենք կարողացանք քաղաքային ընտրություններով իսկապես իրավիճակ փոխել Երևանում, կարծում եմ, որ մենք կկարողանանք հակակշիռների միջոցով շատ ավելի արդյունավետ աշխատել ԱԺ–ում և հասնել դրական արդյունքների, որի հետևանքները ժողովրդի շատ արագ կզգա։

Օսկանյանն ասել է նաև, որ քննարկումների մեջ են ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի հետ, ու նույնիսկ ավելի լավ է, որ բոլորն առանձին ցուցակներով են մասնակցում այդ ընտրություններին.

–Ամեն մեկն իր էլեկտորատն ունի, ամեն մեկն ուզում է իր քաղաքապետին տեսնել, բայց ընթացքում եթե ժողովուրդը զգա, որ այս չորսը կկարողանան հետագայում կոալիցիա կազմել և վերցնել քաղաքային իշխանությունը, դա անհրաժեշտ է նաև պետության, քաղաքի, քաղաքացու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը