Լրահոս

01.07.2009 14:02


Սևակ Արծրունի. «Քաղաքականացնելով, ցույցեր անելով՝ ավելի ենք լարում Ջավախքի կացությունը»

Սևակ Արծրունի. «Քաղաքականացնելով, ցույցեր անելով՝ ավելի ենք լարում Ջավախքի կացությունը»

Ջավախահայության խնդիրների լուծման տեսանկյունից՝ «Երկիր» միությունը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Հայաստան այցից որևէ ակնկալիք չի ունեցել և այդ այցի արդյունքներից էլ զարմացած չէ։ Այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում ասել է «Երկիր» միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունին։

Նրա խոսքերով՝ Ջավախքը շատ կտուժի, եթե նրա խնդիրների լուծումը սահմանափակվի հայ-վրացական միջպետական հարաբերություններով.

-Հայ-վրացական խնդիրները կարող են լուծվել 2 պետությունների միջև, սակայն Ջավախքինը համահայկական, միջազգային խնդիր է։ Այն վերաբերում է Վրաստանում ապրող մի մեծ փոքրամասնության իրավունքներին, որոնց նկատմամաբ Վրաստանն իր պարտականությունները պետք է կատարի։ Դա Հայաստանի իշխանությունների որոշմամբ կամ արտոնությամբ ո՛չ կարող է լինել, ո՛չ էլ՝ չլինել։ Դա լուծվելու է համայն հայության ճնշումների միջոցով։ Եթե Հայաստանի պետական պաշտոնական կողմը կարող է օգնել, բնականաբար, օգնելու է կուլիսների հետևում։ Իսկ եթե ոչ, չի նշանակում, թե մենք ազգովին պետք է Ջավախքից հրաժարվենք։

Ս. Արծրունին Ջավախքի խնդիրը համեմատել է Ցեղասպանության ճանաչման խնդրի հետ, երբ տարբեր ժամանակներում պաշտոնական Երևանն իր պահանջատիրության ձևը փոխում է, սակայն Սփյուռքն ու համայն հայությունը շարունակում են նույնությամբ պահանջատեր լինել։

«Երկիր» միության խորհրդի նախագահը նաև չափազանց կարևորել է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հասարակական կազմակերպությունների միավորումը և, առանց քաղաքականությանը միջամտելու, համատեղ ուժերով Ջավախքում զանազան ծրագրեր իրականացնելը.

-Քաղաքականացնելով, ցույցեր անելով՝ ավելի ենք լարում Ջավախքի կացությունը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը