Լրահոս

22.04.2013 10:58


«Հրաշքների» երկիր Հայաստան...

«Հրաշքների» երկիր Հայաստան...

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք «հրաշքների» երկրում ենք ապրում։ Փաստորեն՝ կառավարության կազմում դժվար թե էական փոփոխություններ լինեն։ Վարչապետը վերանշանակվեց, և ամենևին կապ չունի, որ երկրում սոցիալական բևեռվածությունը էլ ավելի է խորացել. աղքատները ավելի են աղքատացել, հարուստները՝ ավելի հարստացել, կապ չունի, որ միայն պաշտոնապես աղքատությունը հասել է 34%-ի, որ արտագաղթը գնալով ահագնանում է ու միայն պաշտոնական տվյալներով վերջին 5 տարում շուրջ 250 հազ. մարդ լքել է երկիրը (ի միջիայլոց՝ սրան զուգահեռ ընտրողների թիվը ոչ միայն չի նվազում, այլև անգամ աճում է. կատարյալ աբսուրդ)։ Իշխանության այդքան սիրելի «Գելափի» հարցումներով էլ հասարակության 40%-ը հնարավորության դեպքում պատրաստ է դուրս գալ երկրից: Բացարձակապես կապ չունի, որ տնտեսական մենաշնորհները չվերացան, այլ ավելի արմատացան: Այս ամբողջը ոչ մի նշանակություն, կարևորություն չունեցավ: Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Ամենակարևորը  նախագահի հանձնարարած 7%-անոց տնտեսական աճն ապահովելն ու դրա մասին որքան հնարավոր է իրանցից «դավոլնի» հայտարարելն է: Ու չես էլ հասկանում՝ էդ տնտեսական աճը, եթե իհարկե՝ այն կա, էս մեղմ ասած տխուր ֆոնի վրա ընդհանրապես ի՞նչ արժեք կարող է ունենա: Կամ էդ ի՞նչ տնտեսական աճ է, որ ժողովուրդը, սովորական մարդը, քաղաքացին այդպես էլ երբեք չի զգում դրա ազդեցությունը, հը՞, հարգելի կառավարություն: Կամ գուցե էդ աճը մենակ ձե՞զ համար է, ու որոշվում է նրանով, թե ինչքանո՞վ է աճել ձեր հովանավորած քրեաօլիգարխիայի տնտեսական կարողությունը… «Հրաշքների» երկիր է մեր Հայաստանը…

Մուրազ Շամոյան

Այս խորագրի վերջին նյութերը