Լրահոս

04.07.2009 10:32


Սերժ Սարգսյանն ընդունել է հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականների

Սերժ Սարգսյանն ընդունել է հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականների

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը՝ նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երևան-Բաքու երթուղով:
Ողջունելով հյուրերին, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու ձգտումը:
«Մենք գտնվում ենք աշխարհագրական յուրօրինակ տարածաշրջանում, որը յուրահատուկ է իր մշակութային բազմազանությամբ և աշխարհաքաղաքական նշանակությամբ: Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է նաև չլուծված խնդիրներով և միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Դրանից ելնելով, մենք միշտ այն կարծիքին ենք եղել և շարունակում ենք լինել, որ համագործակցության ու երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի բարդ հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը և ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը»,- ասել է Հանրապետության Նախագահը: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցչի՝ Միխայիլ Շվիդկոյի դերն այս գործում:
Նախաձեռնության մասնակիցները երկրի ղեկավարի հետ զրուցել են հայ և ադրբեջանական հասարակությունների միջև շփումներ ստեղծելու անհրաժեշտության և դրա իրականացման ուղիների մասին:
ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձևավորելու հնարավորություններ ստեղծել: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ՝ այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի ձևավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Երկու ժողովուրդների միջև հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է համարվել վերահաստատել հայ և ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական և գործընկերային փոխհարաբերությունները՝ այդ շփումներին մասնակից դարձնելով նաև երիտասարդ սերնդին:
Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Տես նաև.

Բակո սահակյանի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների գլխավորած պատվիրակությունների հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ մտավորականների

Այս խորագրի վերջին նյութերը