Մեկնաբանություն

15.05.2013 17:23


Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Այլընտրանքային ԲՀԿ–ն ու ընդդիմադիր «Ժառանգությունը». համեմատական վերլուծություն (տեսանյութ)

Երբ ԲՀԿ–ի դեմ են պայքարում իշխանական որոշ շրջանակները, նիկոլփաշինյանները, «սութի» քաղտեխնոլոգները և «անկախ» մամուլը, հասկանալի է. նրանք դրա համար վարձատրվում են կամ «դհոլի» տեղ օգտագործվում։ Բայց երբ ընդդիմադիր դիրքերից հակածառուկյանական արշավին սերժահաճո կոդերով միանում են նաև «Ժառանգություն» կուսակցության որոշ ներկայացուցիչներ ու «Բարև Երևան» դաշինքի ցուցակում հայտնված մի քանի լպրծուն կերպարներ, սա լրիվ այլ բանի մասին է վկայում։ Քաղաքականից բացի, տվյալ դեպքում հարցեր են առաջանում նաև բարոյական հարթության մեջ։

Բանն այն է, որ նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ հանգամանքների բերումով ահագին ձայներ հավաքած և հետընտրական փուլում իշխանությունների հետ նախնական պայմանավորվածությունից մի քանի ժամով դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական նախաձեռնությամբ եկավ այլընտրանքի կարգավիճակ ունեցող ԲՀԿ–ի դուռն ու սիրտը բացեց Գագիկ Ծառուկյանի առաջ։

Ճիշտ է, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Րաֆֆին նախաձեռնել էր ԲՀԿ–ի հետ հանդիպումը սեփական գինը Բաղրամյան 26–ում բարձրացնելու համար, բայց ամեն դեպքում փաստն այն է, որ նա «հեղափոխական» այն օրերին հայտնվել էր կեղծված ընտրություններից հետո Ս. Սարգսյանի փոխարեն քննադատվող Գ. Ծառուկյանի մոտ։

Հետաքրքիր է, սեփական հաղթանակը չընդունող և Լիսկայի հրաժարականը հուժկու ձևով պահանջող Րաֆֆին ինչու՞ էր գնացել իր թիմակիցների կողմից քննադատվող ԲՀԿ գրասենյակ։ Ինչևէ։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ այդ հանդիպման մանրամասները չեն հրապարակվել հենց Րաֆֆու խնդրանքով։

Ուշագրավն այն է, որ ԲՀԿ–«Ժառանգություն» հանդիպման մանրամասների մասին հանրության հետ թափանցիկ ու բաց լինելու խոստում տված Րաֆֆին մինչև հիմա ոչ մի բան չի խոսել, մինչդեռ Սերժի հետ ունեցած հանդիպումից գոնե մեկ–երկու տեղեկություն նա փոխանցել է հանրությանը (չփոխանցած հատվածների մասին տեղեկացանք Սերժ Սարգսյանի ասուլիսից)։

Ըստ ամենայնի՝ Հովհաննիսյանը Ծառուկյանի հետ հանդիպման մասին տեղյակ չի պահել նաև իր կուսակից ընկերներին, այլապես նրանցից ոմանք ուս ուսի տված չէին պայքարի ԲՀԿ–ի և բուրժուադեմոկրատական փոփոխությունների դեմ։

Ժառանգական ակտիվիստները եթե իմանային, թե ինչպիսի բուրժուական, ես կասեի՝ մանրբուրժուական առաջարկներով է հանդես եկել Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի հետ մի քանի ժամ տևած զրույցի ժամանակ, ապա այսօր գոնե կլռեին ու անհարմար դրության մեջ չէին դնի իրենց «հեղափոխական» առաջնորդին։ Ասելս այն է, ո «անկախ» լրատվամիջոցների սիրելին դարձած ժառանգականները պետք է չանցնեն քաղաքական պարկեշտության և բարոյականության սահմանները։ Ի վերջո, տեխնիկայի զարգացման և ինտերնետի դարաշրջանում ենք ապրում, «Youtube» կա, բան կա...

Պարզապես ծիծաղելի է իշխանության «ողջախոհ» երիտթևի կողմից օգտագործված և «քցված» որոշ ժառանգականների հակաԲՀԿական քննադատություններին հետևելը։

Եվ ովքե՞ր են մեղադրում ԲՀԿ–ին իշխանությունների հետ «խաղեր» տալու մեջ։ Մարդիկ, ովքեր աշխատանքային օրերին մինչև ժամը 6–ը գործում են Աշոտյանի ղեկավարությամբ և քարոզչական աջակցություն ստանում նույն Աշոտյանից, իսկ ազատ օրերին՝ ընդդիմություն խաղում և Աշոտյանի աթոռը պահանջում՝ այդ ամենի դիմաց Երևանի ավագանիում 6 տեղ ստանալով։

Ով, ով, բայց Րաֆֆին ու իր թիմը պետք է լուռ մնան իշխանությունների հետ Ծառուկյանի համագործակցության հարցում, քանզի իրեն այլընտրանք հայտարարծ ԲՀԿ–ն սեփական նախաձեռնությամբ դուրս եկավ իշխող կոալիցիայից և բազմիցս «պասլատ» արեց Բաղրամյան 26–ի առաջարկները՝ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու, խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելու, Սերժին պաշտպանելու դիմաց նախարարական ու մարզպետական պաշտոններ վերցնելու, «ֆեյք» ընտրություններից հետո Սերժին շնորհավորելու, «ազատամարտի ռահվիրայի» երդման արարողությանը ներկա գտնվելու, նոր պայմաններով կոալիցիա կազմելու մասին։

Իսկ ահա ինքն իրեն ընդդիմադիր և հեղափոխական հռչակած Րաֆֆին, ՕԵԿ–ի վերածվելու վճռականությամբ, հացադուլի էր նստել Ազատության հրապարակում, սակայն մերժում ստացավ իր սիրելի Սերժ Սարգսյանից։

Ինչպես հայտնի է՝ Րաֆֆին ՀՀԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և ՀՀԿ–«Ժառանգություն» միասնական ցուցակով գնալ քաղաքական դաշտի վերաձևմանը։ Նա նաև հանրահավաքի ժամանակ «ժողովրդի» անունից պաշտոններ էր խնդրում Սերժից ու նամակներ ուղարկում Բաղրամյան 26։ Բացի այդ՝ «Ժառանգություն» կուսակցության կարկառուն ներկայացուցիչները չէին էլ թաքցնում, որ իրենց նպատակը իշխանության «ողջախոհ» երիտթևին աջակցելն ու այդ թևի հաջողությանը նպաստելն է։ Այլ հարց է, որ «Ժառանգությունը» նույնիսկ ՕԵԿ–ի ճակատագրին չարժանացավ և բավարարվեց «զորավարի» հետ մոմավառությամբ։

«Րաֆֆինացված» ՕԵԿ–ությունը բերեց նրան, որ «Ժառանգության» հավաքներին նույնիսկ «իրավատիրոջ» տնեցիներն ամբողջ կազմով չեն մասնակցում։ Այնպես որ ընդդիմություն ինքնահռչակվելը դեռ չի խոսում ընդդիմություն լինելու մասին։ Եթե հայտարարելով լինի, ապա Արթուր Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը կդառնան «հեղափոխության և արմատականության ռահվիրաներ»։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ստորև ձեզ ենք ներկայացնում իշխանությունների հետ համագործակցելու թեմայով Ծառուկյանի և Հովհաննիսյանի հայտարարությունները։

Այս խորագրի վերջին նյութերը