Մեկնաբանություն

16.05.2013 19:16


Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Իշխանության «ատմազկաները» և հեղափոխության ուրվականը

Հայաստանը պարադոքսների երկիր է։ Ըստ ԿԸՀ–ի՝ որքան վատանում է կյանքի որակը, ավելանում աղքատությունն ու աճում արտագաղթը, այնքան ավելի շատ մարդիկ են ձայն տալիս Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ–ին։ Պարզ է, որ մաքուր ընտրություններում լրիվ այլ պատկեր կստացվեր, բայց տոկոս «խփոցիի» դեպքում ունենում ենք ավելի լավ ՀՀԿ, ավելի լավ Սերժ և ՀՀԿ–ից ու Սերժից ավելի լավ Տարոն։

Սեփական ձախողումներն արդարացնելու և հայկական պարադոքսը բացատրելու համար իշխանությունը մի քանի բանաձև է հորինել ու դրել շրջանառության մեջ։ Այդ բանաձևերը յուրօրինակ «ատմազկաներ» են։

Այսպես. հայ–թուրքական տապալված գործընթացից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի սխալվում նա, ով ոչիչն չի անում, իսկ տնտեսական քաղաքականության ձախողումը բացատրեց հետևյալ կերպ. «Իսկ ո՞վ ասեց, թե ուրիշների դեպքում այլ արդյունք կլիներ»։ Համաձայնեք, որ «ժելեզնի» բացատրություն է։ Մնում է միայն համոզել, որպեսզի ՀՀԿ ղեկավարը ոչ մի բան չանի, թե չէ սխալների շտեմարան կունենանք։

Սերժի տրամաբանությամբ ստացվում է, որ, ասենք, վիրաբույժը կարող է մարդուն վնաս տալ ու հետո հայտարարել, թե վնաս չի տալիս այն վիրաբույժը, ով չի վիրահատում, ապա նաև ավելացնել, որ կարող էր ավելի վատ վիրաբույժ լինել ու հիվանդին ավելի վատ վիճակի մեջ գցել։

Երկրում վարվող քաղաքականության մասով ուրույն մոտեցում ունի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա չի թաքցնում, որ իշխանությունը պահպանելու հզոր տարբերակ է գտել։ Դա արտագաղթը խթանելն է։

«Բա ի՞նչ անենք, թողնենք որ դժգոհ մարդիկ մնան այստեղ ու հեղափոխությու՞ն անեն»,– իբր թե կատակով նշել է «Հայկական աշխարհի» ճարտարապետը։

Ինչ վերաբերում է «ընտրությունների» պարադոքսալ արդյունքներին, ապա այս հարցում ևս իշխանությունները բանաձև են գտել։

ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանն ամեն կեղծված ընտրություններից հետո հայտարարում է, որ մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա։

Եթե փորձենք վերաձևակերպել մեր ժամանակների ԽՄԿԿ–ի վերածված ՀՀԿ–ի միտքը, պատիվը ու խիղճը հանդիսացող Գալուստի, Սերժի ու Տիգրանի ասածները, ապա կստացվի, որ նրանք հայ ժողովրդին առաջարկում են ապրել «Աստված էլ բեթարից ազատի» կարգախոսով։ Դատելով ամենից՝ հայ ժողովուրդը դեռևս համակերպվել է իշխանությունների առաջարկած բանաձևերի հետ։ Հակառակ պարագայում չէր արտագաղթի և հեղափոխություն կաներ։ Թեև ով գիտե, թե ինչեր կարող են լինել. չէ՞ որ Հայաստանում մնացածների մեծ մասն արդեն շղթաներից բացի այլ բան չունի կորցնելու։

Պատմությունից հայտնի է, որ հեղափոխությունները լինում են իշխանությունների համար ամենաանսպասելի պահերին, քանզի եթե դրանք սպասելի լինեին, ապա կկանխվեին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը