Լրահոս

24.05.2013 17:35


Գ. Հարությունյան. «Ռուսաստանի տոնայնությունը բավականին փոխվել է»

Գ. Հարությունյան. «Ռուսաստանի  տոնայնությունը բավականին փոխվել է»

Այսօրվա ասուլիսին «7օր»–ի հարցերին պատասխանել է «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը

-Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, և Հայաստանը համաձայն է Մադրիդյան սկզբունքների վեց կետերի հետ։ Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել այդ 6 կետերի տակ և այն ընդունել որպես հիմք բանակցությունների մեկնարկի համար։ Ի՞նչ եք կարծում՝ Լավրովի այս հայտարարությունը ի՞նչ է նշանակում, և ինչո՞ւ Հայաստանը պետական մակարդակով չի արձագանքում այս և նման հայտարարություններին։

-Լավրովն ասում է, որ ստատուս-քվոն պետք է փոխվի։ Ստատուս քվոն դիվանագիտական լեզվով ասած այն վիճակն է, որ այսօր կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի շուրջը։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ Ռուսաստանի տոնայնությունը բավականին փոխվել է ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլ նաև Ադրբեջանի նկատմամբ, և դա արտահայտվում է այնպիսի մանր հարցերում, ինչպիսին են «Եվրատեսիլը» և այլն... Նաև գիտեք, որ որոշում է ընդունվել դեկտեմբերի 31-ից փակել Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականին կոշտ մոտեցումներ է սկսում ցուցաբերել ԱՊՀ երկրների նկատմամբ. նույնը կատարվում է նաև Ուկրանիայի, Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։ Ռուսաստանը վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ դարձել է նաև աշխարհաքաղաքական խաղացող...

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք հայկական դիվանագիտության լռությունը այս պայմաններում, երբ բոլորը խոսում են Հայաստանի մասին, հայտարարություններ անում նրա անունից...

-Գիտեք, երևի լավ կլիներ այդ հարցը ուղղեիք մեր արտաքին գործերի նախարարությանը, որովհետև իրենք գիտեն իրենց խոսելու կամ չխոսելու պատճառները։ Ասեմ, որ դա այդքան էլ այդպես չի, որովհետև վերջերս Օքսֆորդում Է. Նալբանդյանը բավական կոշտ խոսեց Ադրբեջանի հասցեին... Տեսնենք ինչպես կզարգանան գործընթացները, ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձելու է իր ազդեցությունն ունենալ, ինչ–որ չափով նպաստել խնդրի լուծմանը։ Միևնույն ժամանակ նշեմ, որ նույն Լավրովն իր ելույթի վերջում ասեց, որ իհարկե խնդիրը լուծելու են կողմերը, մենք միայն աջակցելու ենք նրանց ընդունելիք որոշումներին։

-Որքանո՞վ եք հավանական համարում Հայաստանի և Ադրբեջանի կողմից այդ վեց կետերի ստորագրումը։

-Գիտեք ինչ, բավական բարդ է ասել, որովհետև մի կողմից այս կիսապատերազմ կամ պատերազմական վիճակը չի բխում մեր և Ադրբեջանի շահերից, մյուս կողմից հասկանում ենք, որ պետք է փնտրել անպայման ընդհանուր եզրեր։ Բանակցային գործընթացը հենց դրա համար է ստեղծված։ Բայց տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները, ես կարծում եմ, որ մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունները Բաքուն որևէ լուրջ փոփոխության չի գնա՝ զուտ ներքաղաքական զարգացումների տեսակետից։

-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հրապարակված այս 6 կետերի նկատմամբ:

-Անընդհատ խոսվում է, որ մենք ինչ–որ զիջումներ կատարեցինք, մի քանի տարի առաջ սա էր ասվում, հիմա ուրիշ բան է ասվում. գնում է բանակցային գործընթաց և այստեղ մաքսիմալ զգոնություն է պահանջվում բանակցող կողմերից, առաջին հերթին մեր կողմից:

Կարելի է առայժմ փաստել մեկ բան՝ 1994թ. ժամանակավոր հրադադարից անցել է արդեն մոտ 20 տարի, և առայժմ մեկ քառակուսի սանտիմետր չի հանձնվել Ադրբեջանին։ Մեր դիրքերն ուժեղանում են, միևնույն ժամանակ մենք պետք է աչալուրջ լինենք...

Այսինքն՝ մեր հույսը դնենք մեր բանակցող անձանց վրա, որոնք բավական հմուտ են այս գործում։ Տեսնենք, ինչպես կզարգանան գործընթացները, ավել բան ես չեմ կարող ասել։

Հարցազրույցը ներկայացրեց Կարեն Թովմասյանը

Այս խորագրի վերջին նյութերը