Լրահոս

21.01.2011 12:34


Հոգեբան. «Դժգոհությունները կհասնեն ափերին ու կդառնան հեղեղ, ու վտանգավոր եմ համարում վիճակը»

Հոգեբան. «Դժգոհությունները կհասնեն ափերին ու կդառնան հեղեղ, ու վտանգավոր եմ համարում վիճակը»

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից դրսևորվող և սոցիալական հենք ունեցող բողոքի գործողություններում դժգոհության լուրջ ներուժ կա, որն ամեն վայրկյան կարող է ափերից դուրս գալ, պայթել ու մարդկանց փողոց դուրս բերել։

Նման տեսակետ «7օր»-ի հետ զրույցում հայտնել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

-Մի բան է, երբ մարդկանց ինչ-որ խումբ հավաքվում-բողոքում է, որ ինքն ինչ-որ դժգոհություն ունի կոնկրետ բանից, օրինակ՝ փողոցային առևտրի արգելքից, այլ խնդիր է, որ մարդիկ արդեն միավորվում են ինչ-որ ընդհանուր հարցերի շուրջ։ Օրինակ ԱԼՄ-ի հետ կապված այդ բողոքները, որ արդեն բավական մեծ գործընթացներ են։ Անունը արդարության պահանջ են դրել։   Ա՛յդ սկզբունքն է դրել։ Մենք ի՞նչ ենք տեսնում։ Դեռևս սկսած 2008թ. հետընտրական դժգոհություններից, երբ շատ է կուտակվում ամեն ինչ, երբ այլևս մարդիկ չեն դիմանում, նույնիսկ  կարևոր չէ, թե ով է առջևից գնացողը, միայն թե ինչ-որ մեկը կազմակերպի,-նշել  է նա։

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ սա շատ վատնագավոր միտում է։

-Պետք  է քայլերը շատ  խելամիտ լինեն, մտածված։ Վերցնենք նույն «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք, ցավոք սրտի, ընդունվեցին։ Սա առաջացրեց հիմնականում մտավորական խավի դժգոհությունը, և խոշոր սոցիալական ցնցման տեղիք չտվեց։ Ինչո՞ւ՝ որովհետև եթե մեր ժողովուրդը լիներ սոցիալապես ավելի ապահով, ապա այդ հարցերը կարող էին ավելի մեծ ընդվզման տեղիք տալ, բայց մի բան հստակ է, որ մի վիրավորված ու դժգոհ խավ  էլ այդ մարդկանց խումբն է։ Այս տարբեր դժգոհությունները գումարվում են, և ինչ-որ մի պահ քանակը որակի է վերածվում։ Բայց Հայաստանին օդի ու ջրի նման հարկավոր է ներքին կայունություն։ Պետք է շատ լուրջ ու հետևողական լինել, որովհետև հեղափոխությունները շատ վտանգավոր բան են։ Հեղափոխությունը արյուն է, կոշտ ձև, ներքին կայունության կորուստ։ Մեզ էլ Աստված տվել, չի խնայել՝ հենց դրան էլ սպասում ենք։ Մեր ներքին կայունությունը ստրատեգիական նշանակություն ունի, ու պետք է շատ զգույշ լինել ներքին քաղաքականությունն իրականացնելիս։  Դժգոհությունները կհասնեն ափերին ու կդառնան հեղեղ, այնպես որ վտանգավոր եմ համարում վիճակը,-ասել է Կարինե Նալչաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը